Հայաստանի հավաքականը իր խմբում 4-5-րդ տեղերն է բաժանում շախմատի օլիմպիադայում
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի կողմից առցանց անցկացվող օլիմպիադայում մեկնարկել են ուժեղագույն 4 խմբերի մրցաշարերը։
Հայաստանի հավաքականը ընդգրկվել է Ա խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Վրաստանի, Ղազախստանի, Ռումինիայի, Իրանի, Հունաստանի, Ավստրալիայի, Չինաստանի, Մոնղոլիայի և Ինդոնեզիայի ազգային թիմերը։
Յուրաքանյուր թիմից կարող են հանդես գալ վեց շախմատիստ-շախմատիստուհի, ընդ որում նրանից երկուսը պետք է լինեն պատանի և աղջիկ։ Պարտիաներն անցկացվում են 15+5 ժամանակաչափով։
Առաջին տուրում մեր ընտրանին մարտական ոչ-ոքի է խաղացել Հունաստանի հետ՝ 3։3, երկրորդում 2։4 հաշվով պարտվել է Իրանին, իսկ երրորդում հաղթել Վրաստանին՝ 3,5։2,5։
Չորրորդ խաղում Հայաստանի հավաքականը 4,5։1,5 հաշվով ջախջախել է Ռումինիային, իսկ 5-րդում պարտվել Ղազախստանին՝ 2,5։3,5։ Այսօր կայացած վերջին՝ 6-րդ տուրում, Հայաստանի ընտրանին ոչ-ոքի խաղաց Ավստրալիայի թիմի հետ՝ 3։3։
Մեր հավաքականը 6 տուրից հետո վաստակել է 6 միավոր և Ինդոնեզիայի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը։ Մրցաշարային աղյուսակը 12 միավորով միանձնյա գլխավորում է Ղազախստանի հավաքականը։
Այդ հանդիպումներում Հայաստանի հավաքականի կազմից հանդես են եկել Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Արամ Հակոբյանը, Աննա Սարգսյանը և Մարիամ Մկրտչյանը:
Վաղը Հայաստանի հավաքականը կմրցի Մոնղոլիայի, Ինդոնեզիայի և Չինաստանի ընտրանու հետ։ Մերոնք պետք է հաղթեն բոլոր խաղերում, որպեսզի պայքարեն փլեյ-օֆֆի երկու ուղեգրերի համար։