Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ashxarh 1
A A
Սպորտ

Դանիայի 6-րդ անընդմեջ հաղթանակը, Անգլիայի և Հայաստանի սայթաքումները. ԱԱ-2022

Ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության եվրոպական գոտում կայացան ընտրական փուլի 6-րդ տուրի հանդիպումները:

 

A խմբում միանձնյա առաջատար դարձավ Պորտուգալիան, որը հյուրընկալվելիս 3:0 հաշվով ջախջախեց Ադրբեջանին և երկու միավորով առաջ անցավ Սերբիայից, որն ոչ-ոքի խաղաց Իռլանդիայի հետ` 1:1:

 

B խմբի առաջատար Իսպանիան Կոսովոյում 2:0 հաշվով հաղթանակ տարավ և վաստակեց 13 միավոր: Նրան հաջորդող Շվեդիան պարտվեց Հունաստանում` 1:2, և այժմ ետ է մնում 5 միավորով:

 

Ընտրական C խմբում Իտալիան իր հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեց Լիտվային և էլ ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքերը: Իտալացիներն այժմ ունեն 14 միավոր, իսկ նրանց հետապնդող Շվեյցարիան` 8:

 

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի ընտրանին սկզբունքային խաղում 2:0 հաշվով պարտության մատնեց Ֆինանդիային և վստահորեն գլխավորում է D խմբի աղյուսակը: Ֆրանսիացիներն այժմ ունեն 12 միավոր, իսկ նրանց հետապնդող Ուկրաինան ու Ֆինլանդիան վաստակել են 5-ական միավոր:

 

E խմբում շարունակում է իր հաղթարշավը Բելգիայի ընտրանին,որն ընթացիկ տուրում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Բելառուսին և իր միավորների քանակն հասցրեց 16-ի: Նրան հաջորդող Չեխիան ու Ուելսն արդեն 9 միավորով ետ են մնում:

 

Դանիայի հավաքականը սեփական դաշտում ջախջախելով Իսրայելին` 5:0, տարավ վեցերորդ անընդմեջ հաղթանակը և շարունակում է վստահ գլխավորել F խումբը: Դանիացիներին հետապնդող շոտլանդացիները նվազագույն հաշվով հաղթեցին Ավստրիային և վաստակեցին 11 միավոր:

 

G խմբում Նիդեռլանդների և Նորվեգիայի հավաքականները 13-ական միավորով շարունակում են բաժանել առաջին երկու տեղերը: Այս տուրում նիդեռլանդցիները սեփական դաշտում ջախջախեցին Թուրքիային` 6:1, իսկ նորվեգացիները` Ջիբրալթարին` 5:1:

 

Երկիշխանություն է նաև H խմբում, որտեղ 13-ական միավոր ունեն Ռուսաստանի և Խորվաթիայի հավաքականները: Ռուսներն ընթացիկ խաղում սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեցին Մալթային, իսկ աշխարհի փոխչեմպիոնները ջախջախեցին Սլովենիային` 3:0:

 

I խմբի ընդգծված առաջատար Անգլիան կորցրեց առաջին միավորները` հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղալով Լեհաստանի հետ` 1:1: Անգլիացիները 16 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: Նրա հաջորդում է Ալբանիան, որն իր հարկի տակ ջախջախեց Սան Մարինոյին` 5:0, տարավ չորրորդ հաղթանակը և վաստակեց 12 միավոր:

 

J խմբում ընդգծված առաջատար դարձավ Գերմանիայի հավաքականը, որը հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց Իսլանդիային, տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը և վաստակած միավորների քանակը հասցրեց 15-ի: Երկրորդ տեղում ընթացող Հայաստանի ընտրանին սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ` 1:1, և այժմ գերմանացիներից ետ է մնում 4 միավորով:

 

Ռումինիան և Հյուսիսային Մակեդոնիան, որոնք Սկոպյեում ոչ-ոքի խաղացին իրար հետ` 0:0, այժմ ունեն համապատասխանաբար 10 և 9 միավոր և զբաղեցնում են 3-4-րդ հորիզոնականները: Իսլանդիայի հավաքականը Գերմանիայից կրած պարտությունից հետո մնաց 4 միավորով: Աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնը, որն առաջին միավորը վաստակեց Հայաստանի հետ խաղում:

 

Ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի 7-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 8-ին և 9-ին:

a1+ashxarh 2.jpg (929 KB)