Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan rekord
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը այսօր կարող է նոր ռեկորդ սահմանել

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր կայանալիք Լիխտեյնշտեյնի ընտրանու հետ ընտրական խաղում կարող է նոր ռեկորդ սահմանել: Եթե մեր հավաքականը հաղթի մրցակցին, իսկ դա ամենահավանական արդյունքն է ըստ բուքմեյքերական գրասենյակների (1,11 գործակից), ապա սեփական դաշտում կտոնի երրորդ հաղթանակը նման կարգի խաղերում, ինչը չի հաջողվել աշխարհի նախորդ առաջնությունների ընտրական փուլերում։

Աշխարհի առաջնության անցած մրցաշարում Հայաստանի հավաքականը սեփական դաշտում տարել էր երկու հաղթանակ՝ Չեռնոգորիայի (3:2) և Ղազախստանի նկատմամբ (2:0)։ Ընթացիկ մրցաշարում մեր թիմն իր հարկի տակ արդեն առավելության է հասել Իսլանդիայի (2:0) և Ռումինիայի (3։2) հավաքականների նկատմամբ։

Բացի այդ, Հայաստանի հավաքականն այսօր կարող է կրկնել իր ռեկորդներից մեկը։ 2014թ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում մեր ազգային թիմը 10 խաղում վաստակել էր 13 միավոր և առաջին անգամ հաղթահարել երկնիշ թվի սահմանը։ Ճիշտ է, Հայաստանի հավաքականն այն ժամանակ իր խմբում գրավել էր նախավերջին՝ 5-րդ տեղը։

Աշխարհի 2022թ առաջնության ընտրական մրցաշարում մեր թիմն անցկացրած 5 խաղերում արդեն վաստակել է 10 միավոր։ Եթե այսօր Հայաստանի հավաքականը հաղթանակ տանի, ապա կվաստակի 13 միավոր և կկրկնի 8 տարվա վաղեմություն ունեցող ռեկորդը։