Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստան – Լիխտեյնշտեյն. 6-րդ դիմակայություն

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն աշխարհի 2022թ առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում այսօր կհանդիպի Լիխտեյնշտեյնի ազգային թիմի հետ:

Սա կլինի երկու երկների թվով 6-րդ հակամարտությունը վերջին չորս տարվա ընթացքում: 2018 թվականին, ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային մրցաշարում Հայաստանի հավաքականն իր հարկի տակ հաղթանակ էր տարել` 2:1, իսկ Ալպյան լեռների ստորոտներում ոչ-ոքի խաղացել` 2:2:

2019 թվականին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում մեր ֆուտբոլիստները սեփական դաշտում արդեն ջախջախել են կիսասիրողական կարգավիճակ ունեցող մրցակցին` 3:0, իսկ ահա հյուրընկալվելիս դարձյալ չեն կարողացել հաղթանակ տանել` 1:1:

2022թ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում կողմերն առաջին հանդիպումն անցկացրել են Լիխտեյնշտեյնում: Խաղի 83-րդ րոպեին գրանցված միակ ինքնագոլի հաշվին մեր ընտրանին առաջին անգամ հաղթանակ տարավ Եվրոպայի այդ գաճաճ պետության հավաքականի նկատմամբ:

Այժմ թիմերը տարբեր խնդիրներ են հետապնդում: Հայաստանի հավաքականը, որը 5 տուրից հետո վաստակել է 10 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը, ձգտում է ետ չմնալ առաջատար Գերմանիայից և պահպանել իր դիրքը: Լիխտեյնշտեյնի հավաքականը պարտվել է առաջին շրջանի բոլոր խաղերում, ուստի թիմն աշխատում է ամեն գնով վաստակել պատվո առաջին միավորը ընթացիկ մրցաշարում:

Երկու հավաքականներն էլ անհաջող են հանդես եկել վերջին երկու տուրերում և չեն կարողացել գրավել մրցակիցների դարպասը: Հայաստանի հավաքականը նախ հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի է արել Հյուսիասյաին Մակեդոնիայի հետ, ապա 0:6 հաշվով պարտվել է Գերմանիային: Լիխտեյնշտեյնի ընտրանին նախ սեփական դաշտում զիջել է Գերմանիային` 0:2, ապա նույն հաշվով պարտվել է Ռումինիայում:

Նշենք, որ Հայաստան-Լիխտեյնշտեյն խաղը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում ժամը 20:00-ին: Խաղի բոլոր տոմսերը վաճառվել են: