Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այժմ ավելի կարեւոր է խաղի որակը»

Սպորտ
83e40c66ef056df1fd72e510f4c276f0

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գտնում է, որ մեր թիմի առաջիկա մրցակիցը` Սլովակիայի հավաքականը, ամենակազմակերպված եւ կարգապահ թիմն է Եվրոպայի 2012 թ առաջնության 2-րդ ընտրական խմբում, սակայն հաղթահարելի արգելք է: «Սլովակիայի հավաքականն ունի իր թույլ կողմերը: Խաղի ժամանակ եթե մեզ հաջողվի օգտագործել դրանք, ապա կարող ենք նաեւ դրական արդյունքի հասնել»:

Վարդան Մինասյանը, գնահատելով հավաքականի պատրաստության մակարդակը, նշեց, որ կան որոշ կադրային խնդիրներ, սակայն թիմն ընդհանուր առմամբ պատրաստ է խաղին: «Երեկ մարզման ժամանակ վնասվածք ստացավ Էդգար Մալաքյանը, ով չի կարող մասնակցել խաղին: Դավիթ Մանոյանը նույնպես բաց կթողնի հանդիպումը, քանի որ նա դեռ չի ապաքինվել «Միկայի» հետ խաղում ստացած վնասվածքից: Մնացած ֆուտբոլիստները լիովին պատրաստ են հանդիպմանը»,-ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

«Ա1+»-ի մարզական լրագրողի այն հարցին, թե ի՞նչ մարզավիճակում է գտնվում պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որը վերջերս հեռացվել է իր թիմի` «Ռանդերսի» հիմնական կազմից, գլխավոր մարզիչն ասաց. «Մարզումները ցույց տվեցին, որ նա լավ մարզավիճակում է գտնվում եւ կարող է խաղալ»:

Սլովակիայից ժամանած լրագրողները ցանկացան պարզել, արդյո՞ք մեր թիմը ձգտելու է ոչ-ոքի արդյունքի, քանի որ խաղի ֆավորիտ է համարվում հենց իրենց հավաքականը, Վարդան Մինասյանը պատասխանեց. «Մենք բոլոր խաղերում էլ թիմի առջեւ հաղթանակ տանելու խնդիր ենք դնում: Բայց ինձ համար այժմ ավելի կարեւոր է ոչ թե հանդիպման վերջնական արդյունքը, այլ թիմի ցուցադրած խաղի որակը»:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի Հայաստան - Սլովակիա ընտրական խաղը տեղի է ունենալու հոկտեմբերի 8-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: