Սլովակիան արդեն Հայաստանում է
Եվրոպայի 2012 թվականի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը` Սլովակիայի ընտրանին, Երեւան է ժամանել 21 ֆուտբոլիստներով` երեք դարպասապահներով եւ 18 դաշտի խաղացողներով:
Գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսի կողմից նախապես հրավիրված ֆուտբոլիստներից բացակայում են կիսապաշտպաններ Զդենո Շրբան եւ Մարեկ Սապարան: Ինչպես տեղեկացնում են սլովակյան լրատվամիջոցները, առաջինը խնդիրներ ունի մարսողության, իսկ երկրորդը` շնչառության հետ: Միաժամանակ հարձակվողներ Ֆիլիպ Հոլոշկոն եւ Թոմաշ Օրավեցն այսօր առավոտյան անհատական ծրագրով են մարզվել:
Մեր հավաքականի մրցակիցը վաղը նախատեսել է մեկ մարզում «Հանրապետական» մարզադաշտում, որը լրագրողների համար բաց կլինի միայն առաջին 15 րոպեներին:
Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նորանշանակ նախագահ Յան Կովաչիկը խոսելով առաջիկա հանդիպման մասին ասել է, որ իրենց դժվար խաղ է սպասվում Երեւանում, քանի որ Հայաստանի ընտրանին բավական լուրջ եւ ամուր մրցակից է: