Բացել լրահոսը Փակել լրահոսը
finance-pg2.-calc
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչպես պահել գումարը (տեսանյութ)

Մարդիկ իրենց ազատ դրամական միջոցները տնօրինելու բազմաթիվ տարբերակներ ունեն։ Նրանք կարող են ներդրումներ անել պարտատոմսերի, բաժնետոմսերի և ավանդների տեսքով։ Այս երեք ներդրումային տարբերակների ընդհանրությունն այն է, որ բոլորի դեպքում էլ ներդրողը ակնկալում է որոշակի շահույթ իր տրամադրած գումարի դիմաց։

Պարտատոմսերը լինում են մի քանի տեսակի՝ կորպորատիվ, պետական, մունիցիպալ և այլն։ Գնելով պարտատոմս՝ անհատը իր դրամական միջոցը որոշ ժամանակով տրամադրում է ընկերությանը կամ պետությանը, որի դիմաց ակնկալում է եկամուտ։ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Կառավարման ֆակուլտետի շրջանավարտ Աննա Լալազարյանի խոսքով՝ մեզ մոտ մարդիկ ավելի շատ հակված են ավանդ ներդնել, քան պարտատոմս ձեռք բերել, ինչը, սակայն, պակաս ձեռնտու է։ 

«Պետությունը ժամանակ առ ժամանակ թողարկում է պարտատոմսեր, որոնք առավել հուսալի են, քան օրինակ ավանդները։ Հավանականությունը, որ պետությունը կսնանկանա ավելի քիչ է, քան որևէ ֆինանսական կազմակերպություն։ Բացի այդ, ի տարբերություն  ավանդի՝ պետական պարտատոմսերի դեպքում եկամատահարկի գանձում չի իրականացվում»,-ասում է Աննան։

Ներդրման մյուս տարբերակը բաժնետոմսն է, որը հաճախ են շփոթում պարտատոմսի հետ։ Բաժնետոմս ձեռք բերել նշանակում է դառնալ տվյալ ընկերության գույքի, ակտիվների և այլ սեփականության որևէ մասի տիրապետողը։ Այս առումով բաժնետոմսում ներդրում կատարելը ավելի ռիսկային է, քանի որ բաժնետոմս ձեռք բերողը, դառնալով ընկերության մի մասի սեփականատեր, և՛ հաջողության, և՛ ձախողման դեպքում դառնում է հետևանքների անմիջական կրողը։ Հաջողության պարագայում, սակայն, բաժնետոմսից ստացված եկամուտը շատ ավելին կարող է լինել քան օրինակ պարտատոմսից կամ ավանդից ստացվածը։

Ավանդի, պարտատոմսի և բաժնետոմսի մասին ավելի մանրամասն՝ «Երիտասարդ տնտեսություն» նախաձեռնության տեսանյութում։