Գերմանիայում, ինչպես Թուրքիայում
«Գերմանիայի հավաքականը սեփական դաշտում կհյուրընկալվի Թուրքիայի թիմին» - զարմացած փաստում են գերմանական լրատվամիջոցները:
Պարզվում է, որ հոկտեմբերի 8-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում կայանալիք Եվրո-2012 թ առաջնության Գերմանիա - Թուրքիա խաղին ներկա կլինեն ավելի շատ թուրք ֆուտբոլասերներ, քան դաշտի տերերի աջակիցները: Ըստ լրատվամիջոցների տվյալների` վաճառված 74.244 տոմսերից 50 հազարը ձեռք են բերել Գերմանիայում բնակվող թուրքերը, իսկ դա նշանակում է, որ խաղին ավելի մեծ աջակցություն կստանան ոչ թե գերմանացի, այլ թուրք ֆուտբոլիստները:
Այդ խաղից առաջ ստեղծված նման աննորմալ իրավիճակի համար գերմանացի լրագրողները մեղադրում են երկրի ֆուտբոլի ֆեդերացիային: Նրանք գտնում են, որ ՖՖ մրցավայրի սխալ ընտրություն է արել, քանի որ Բեռլինը աշխարհի ամենաթուրքաբնակ քաղաքն է (չհաշված բուն Թուրքիայի խոշոր քաղաքները). այժմ Գերմանիայի մայրաքաղաքում ապրում են մոտ 500 հազար թուրքեր:
«Մենք սպասում էինք, որ թուրք աջակիցները ավելի շատ կլինեն խաղին, սակայն մեր թիմին հատուկ ծրագրով ենք պատրաստել եւ գիտենք, թե ինչպես է պետք խաղալ նման պայմաններում», - լրագրողներին հանգստացրել է Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը: