Բացել լրահոսը Փակել լրահոսը
ասֆալտապատում
A A
Պաշտոնական

2021 թ. ևս կկառուցվի 500 կմ ճանապարհ՝ այդ թվում դեպի Թուրքիայի սահման գնացող հատվածը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ ու ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ դրա ընդունումը պայմանավորված է 2021թ. համար նախատեսված 6 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ:

Խոսքը վերաբերում է հետևյալ ճանապարհահատվածներին՝ Մ-2, Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի-Իրանի սահման կմ98+000-կմ101+400, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ196+000- կմ202+200 հատված, Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ130+400-կմ135+200 հատված, Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ154+000-կմ176+900 հատված, Հ-45, /Մ-2/-Շաքի-Սիսան-Դաստակերտ-Ցողունի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ14+590-կմ25+900 հատված, Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ68+300 - կմ70+800 հատված: Ընդհանուր առմամբ նախատեսված է հիմնանորոգել 51.1 կմ ճանապարհահատված, որից 37.3 կմ-ը՝ միջպետական նշանակության ավտոճանապարհ է, 13.8 կմ-ը՝ հանրապետական: Գումարը կազմում է 7.6 մլրդ դրամ:

Ի պատասխան վարչապետի այն հարցադրմանը, թե արդյոք կառավարությունը շարունակում է առաջ շարժվել տարեկան 500 կմ ճանապարհ կառուցելու տրամաբանությամբ՝ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նշել է, որ 2021թ. ևս կապահովվի 500 կմ ճանապարհի կառուցում, որում ներառված չեն սուբվենցիաներով նախատեսված ճանապարհաշինությունը և Հյուսիս-հարավը: Իր հերթին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ այս տարի սուբվենցիաներով նախատեսված է 200 կմ ճանապարհի կառուցում:

Անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է հետևյալը. «Ուզում եմ հիշեցնել, որ երբ 2019թ. մենք տարեկան 500 կմ նշաձողը դրել ենք, այդտեղ չենք հաշվառել «Հյուսիս-հարավ»-ում և սուբվենցիաներով կատարվող աշխատանքները: Այնպես որ, իրական աշխատանքը 500 կմ-ից ավելի է, և դա շատ կարևոր է: Իսկ սուբվենցիաների հետ կապված՝ պետք է անպայման համայնքային բյուջեների հետ կապված մեխանիզմը լավարկենք, ինչի շուրջ արդեն պայմանավորվել ենք:

Հաջորդ խնդիրը, որ ցանկանում եմ հիշեցնել, աշխատակազմին հանձնարարականն է՝ անպայման լուծել կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում փոփոխություններ անելու մեխանիզմների և ժամկետների հետ կապված հարցը: Որովհետև նախկին մեխանիզմը, որ գոյություն ունի՝ մինչև փետրվար առաջարկ անել, հետո ընդունել և այլն՝ մենք պետք է ամեն ինչը բյուջետային տարվա սահմաններում իրականացնենք, որպեսզի մեր անելիքներն ավելի կանխատեսելի լինեն և տարուց տարի անցման շրջանում հնարավորինս քիչ ժամանակ, ռեսուրս և պլանավորում կորցնենք», - խոսքը եզրափակել է երկրի վարչապետը: