Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Իմ աշխատած ամեն օրվա և ամեն ժամի համար պատասխանատու եմ. ՀԾԿՀ նախագահ (տեսանյութ)

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարում է՝ ինքը  պատասխանատուն  է իր գործունեության յուրաքանչյուր օրվա համար ։

«Ես հանձնաժողովի անդամ եմ աշխատել մինչև նախագահ դառնալը՝ 2020–21 թվականներին։ Հանձնաժողովը գործում է արդեն 27 տարի, իսկ նախագահ եմ աշխատում մեկ տարուց մի փոքր ավելի։ Իմ աշխատած ամեն օրվա և ամեն ժամի համար պատասխանատու եմ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ անցած տարի ՀէՑ -ի առաջարկած ներդրումային ծրագրի փոփոխությունները չեն հաստատվել, իսկ տարվա ընթացքում ընկերությունը երկու անգամ տուգանվել է արձանագրված խախտումների համար։

«Բայց հիմա՝ 25 տարում ով ինչ հանցավոր անգործություն է արել, ինչն է ճիշտ կամ սխալ արել, դրա պատասխանատուն ես լինել չեմ կարող»,- ընդգծեց Մեսրոպյանը։

Անդրադառնալով կադրային որոշումներին՝ նա նշեց, որ նույնիսկ ամենամոտ մարդուն աշխատանքի նշանակելիս միշտ կա մտավախություն՝ ինչպես կաշխատի, սակայն վերջնական պատասխանատվությունը մնում է ղեկավարի վրա․

«Վերջիվերջո պատասխանատվությունը դու ես վերցնում քեզ վրա»։

Խոսելով ՀէՑ-ի ղեկավարության գործունեության մասին՝ հանձնաժողովի նախագահը նշեց, որ Ռոմանոս Պետրոսյանն իր թիմի հետ արել է իրենցից կախված ամեն ինչ, և արձանագրվել են դրական արդյունքներ։ Իսկ Պետրոսյանի պահանջի վերաբերյալ, ըստ որի՝ ՀէՑ-ի իրավաբանները պետք է հետ վերցնեն դատարան ուղարկված զրպարտության գործերով հայտերը, Մեսրոպյանն առաջարկեց հարցն ուղղել նրան։

Իսկ վերջին շրջանում աղմուկ բարձրացրած պարգեւավճարների թեմայով Մեսրոպյանը վստահեցրեց՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ գումարներից չի ստացել։

«Թեև այդ մեխանիզմի կիրառումն անձամբ ինձ համար ընդունելի է»,- հավելեց հանձնաժողովի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում