Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակներն ու նպաստները բոլոր շահառուների համար վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։

Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը՝ հիշեցնելով, որ իրականում համակարգն արդեն վաղուց անցել է այս ճանապարհով։

«Նախ ասեմ, որ այս պահին ևս կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով։ Ինչպես ցանկացած հասարակական հարաբերություն, կենսաթոշակի ծառայությունն էլ էվոլյուցիա ապրեց»,- նշեց նա։

Գալստյանի խոսքով՝ բոլորս հիշում ենք 90-ականների սկզբի հերթերը Խնայբանկի մոտ, հետո՝ ՀայՓոստը, այնուհետև բանկերի ներգրավումը և կենսաթոշակային քարտերի ներդրումը։

Իսկ արդեն 2021 թվականից կենսաթոշակների վճարումը դարձավ պարտադիր անկանխիկ՝ սկզբում Երևանում, Գյումրիում, Վանաձորում ու Վաղարշապատում, հետո՝ ամբողջ երկրում։

Եթե մինչ 2021 թվականը քաղաքացին կարող էր ընտրել կանխիկ կամ անկանխիկ ստանալու տարբերակը, ապա այդ տարվանից հետո պարտադիր դարձավ բանկի ընտրությունն ու քարտով ստանալը։

Այս պահանջից ժամանակավորապես դուրս էին մնացել 75 + անձինք և առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները։ Սակայն ապրիլի 1-ից այս շահառուներն էլ կանցնեն անկանխիկ համակարգի։ Կառավարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ կենսաթոշակների աճը կապվում է անկանխիկ գնումների հետ. կենսաթոշակային քարտով վճարումներ կատարելու դեպքում շահառուն ստանում է հետվճար։

«Փետրվարին արդեն առաջին անգամ նոր դրույքաչափերով կհաշվվի հետվճարը, որի առավելագույն չափը կկազմի 10 հազար դրամ կամ կատարված անկանխիկ գործարքների 20 տոկոսը»,- ասաց Անահիտ Գալստյանը։

Շահառուները մինչև մարտի 5-ը պետք է ընտրեն բանկ և պատվիրեն քարտ, որպեսզի ապրիլի 1-ից վճարումները հնարավոր լինի իրականացնել։ Եթե այդ ժամկետում ընտրություն չկատարվի, համակարգը դա կանի ավտոմատ, և մինչև ապրիլի 1-ը բանկ փոխելու հնարավորություն չի լինի։

Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Աննա Բեգլարյանը նշեց, որ գործընթացը սահուն կազմակերպելու համար անցած տարվանից իրականացվել են լայնածավալ իրազեկման աշխատանքներ։ «Նախորդ տարվա վերջում ունեինք մոտ 50 հազար շահառու, որոնք դեռ կանխիկ էին ստանում։ Այս պահին այդ թիվը արդեն 26 հազար է»,- ասաց նա՝ հորդորելով մնացածներին մինչև մարտի 1-ը փոխել վճարման եղանակը։ Բեգլարյանի խոսքով՝ եթե քաղաքացին չի կարողանում անձամբ գնալ բանկ, պայմանագրի կնքումն ու քարտի տրամադրումը կարող է իրականացվել նաև տան պայմաններում։

«Եթե կլինեն քաղաքացիներ, որոնք կունենան դժվարություններ, կարող են դիմել մեզ, մենք կաջակցենք։ Եթե քաղաքացին չի կարողանում բանկ գնալ, այդ դեպքում պայմանագրի կնքումը, քարտի տրամադրումը իրականացվելու է տվյալ քաղաքացու տանը, բանկի սուրհանդակային ծառայության միջոցով»,-ասաց Աննա Բեգլարյանը։ 

Նա նաև մտահոգիչ համարեց այն փաստը, որ մոտ 2500 շահառու ներկայում չունի վավեր անձը հաստատող փաստաթուղթ։ Նրանց կոչ է արվում հնարավորինս արագ կարգավորել հարցը, իսկ տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց համար անձնագրերի տրամադրումը կկազմակերպվի շրջիկ անձնագրային կետերով՝ ՆԳ նախարարության հետ համագործակցությամբ։ «Երբ մարդիկ մի քանի անգամ անկանխիկ վճարում անեն և հաջորդ ամիս որոշակի գումար հետ ստանան, նորը կդառնա լավագույն հինը։ Կհաշտվեն ու կհասկանան, որ անկանխիկ վճարումներն այդքան էլ վատ չեն», - ի հավելումն ասաց Անահիտ Գալստյանը։