Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն Հասարակություն

Ինչու մերժեցին ՀԷՑ նախկին կառավարիչներին․ ՀԾԿՀ նախագահն ասուլիս էր հրավիրել (տեսանյութ)

2025-ին էլեկտրաէներգիայի ու գազի սակագները չբարձրացան, իսկ շուկայի մրցակցային հատվածը հասել է 33,2 տոկոսի,- ասում է  ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

«Հաշվի առնելով սակագների վրա ազդող բոլոր դրական ու բացասական գործոնները՝ կարողացել ենք պահպանել գործող սակագները»,– նշում է նա։

ՀԾԿՀ նախագահը ներկայացրեց 2025 թվականին իրականացված առավել կարևոր ու առանցքային աշխատանքները՝ ընդգծելով, որ հանձնաժողովի սակագնային քաղաքականության արդյունքում սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագները չեն բարձրացել և տարվա համար մնացել են անփոփոխ։

Էլեկտրաէներգիայի ազատ շուկա

Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում 2025-ին շուկայի մրցակցային հատվածում ձեռք բերված էլեկտրական էներգիայի մասնաբաժինը կազմել է շուրջ 2,4 միլիարդ կՎտ/ժ կամ ներքին սպառման 33,2 տոկոսը՝ մեկնարկային տարվա 5,3 տոկոսի, 2023-ի 20,1 տոկոսի և 2024-ի 27,8 տոկոսի համեմատությամբ։

Տարեվերջին մրցակցային հատվածում գործել են 645 սպառողներ՝ այդ թվում 45 որակավորված սպառողներ, 13 ակտիվ գործունեություն ծավալող շուկայի մասնակիցներ, 9 թրեյդերներ և 216 մրցակցային էլեկտրակայաններ։

Ներդրումներ՝ 52 միլիարդ դրամ

Կարգավորվող ընկերությունների կողմից 2025-ին էլեկտրաէներգետիկական ու գազամատակարարման համակարգերում իրականացվել է շուրջ 52 միլիարդ դրամի ներդրում, որից 31 միլիարդը՝ էլեկտրաէներգետիկական, իսկ 21 միլիարդը՝ գազամատակարարման համակարգում։

Առաջին անգամ 10,7 միլիարդ դրամի ներդրում է կատարվել ջրամատակարարման համակարգում․ 5,2 միլիարդը իրականացրել է Վեոլիա Ջուրը, իսկ 5,5 միլիարդ դրամի ներդրում իրականացնում և պետք է իրականացնի Ջրային կոմիտեն։

Վերականգնվող էներգետիկա

2025-ին փոքր հիդրոէլեկտրակայանների և վերականգնվող այլ ռեսուրսների կիրառմամբ գործող կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի կշիռը ընդհանուր արտադրության մեջ կազմել է 23,4 տոկոս՝ 2024-ի 21,1 տոկոսի դիմաց։

Ինքնավար էլեկտրաարտադրության ոլորտում աճը նույնպես շոշափելի է․ եթե 2016-ին ընդամենը 16 արտադրող էր գործում՝ 200 կՎտ հզորությամբ, ապա 2024-ի ավարտին դրանց թիվը հասել է 31 249-ի՝ 420,5 ՄՎտ հզորությամբ, իսկ 2025-ի ավարտին արդեն 50 059 բաժանորդ կա՝ 640,1 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։

Վարչական վարույթներ ու տուգանքներ

2025-ին հանձնաժողովը վերահսկել է նաև ծառայությունների սպասարկման որակը։ Էներգետիկայի ոլորտում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդման հիման վրա վարչական վարույթ է հարուցվել Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի նկատմամբ, որի ընթացքում դադարեցվել է ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի գործողությունը։

Տարվա ընթացքում հարուցվել են վարչական վարույթներ նաև այլ կարգավորվող անձանց նկատմամբ, որոնց արդյունքում կիրառվել է շուրջ 51 միլիոն դրամի տույժ։

Մասնավորապես՝
Հայաստանի էլեկտրական ցանցերը երկու անգամ տուգանվել է 10 միլիոն դրամով,
Վեոլիա Ջուրը՝ երկու անգամ 10 միլիոն դրամով,
Տելեկոմ Արմենիա-ն՝ 10 միլիոն դրամով,
իսկ Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը՝ 1 միլիոն դրամով։

Սպառողների կողմից հանձնաժողով է ներկայացվել 3460 դիմում-բողոք, որոնց, ըստ Մեսրոպյանի, սահմանված կարգով ընթացք է տրվել։

Պարզաբանում

Մեսրոպ Մեսրոպյանը ընդգծել է՝ սխալ է այն մեկնաբանությունը, թե 2025-ին հանձնաժողովը չի հաստատել ՀէՑ-ի ներդրումային ծրագրերը.

«Դրանք հաստատված են 2024–2034 թվականների 10-ամյա ծրագրի շրջանակում։ Նախկին կառավարիչները պարզապես առաջարկում էին 2025-ին ներդրումների ծավալը հասցնել 47 միլիարդի։ Բայց կար պայման՝ պլանային անջատումները չպետք է ազդեին որակի ցուցանիշների վրա, ինչին հանձնաժողովը չի համաձայնել»։

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ ներդրումների զգալի մասը ուղղվել է նոր միացումներին, իսկ ենթակառուցվածքների արդիականացման հատվածը թերֆինանսավորվել է։

«Հունվարին հավելագրման դեպքեր չեն արձանագրվել»

«ՀԷՑ-ում հունվարին հավելագրման դեպքեր չեն արձանագրվել, թեև քաղաքացիներից ստացել ենք դիմում-բողոքներ։ Մարդիկ ասում են՝ ժամանակավոր կառավարման անցնելուց հետո իրենց վճարները 4-5 հազար դրամով պակասել են։ Մենք այդ ամենը պարտադիր կուսումնասիրենք»,- ասել է Մեսրոպյանը։

 Դեֆիցիտ չի լինի

Նրա խոսքով՝ անգամ եթե ատոմակայանը նախատեսվածից երեք ամիս ավել մնա վերանորոգման կանգառում, էլեկտրաէներգիայի դեֆիցիտ չի առաջանա.

«Այդ բացը կլրացվի այլ կայանների աշխատանքով։ Մենք մինչ օրս պատմականորեն ունենք ժառանգություն՝ ունենք ավելի շատ գեներատորներ, հզորություններ, քան մեր սպառումն է»։

Կապի ոլորտ

2025-ին շարժական կապի 4G ծառայությունները հասանելի են դարձել հանրապետության բոլոր բնակավայրերում, իսկ 5G ցանցը՝ բնակչության շուրջ 95 տոկոսի համար։ Երևանում և Գյումրիում 5G-ն հասանելի է բոլոր երեք օպերատորների կողմից։

Միջազգային համագործակցություններ և վարչական փոփոխություններ

Հանձնաժողովի փորձը բարելավելու համար հանձնաժողովը անդամակցում ու համագործակցում է համաշխարհային մի շարք կազմակերպությունների հետ: 2025-ին հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը նշանակվել է Էներգետիկայի կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի նախագահության անդամ։ Դրա արդյունքում 2026-ի ապրիլի սկզբին Երևանում կանցկացվի ջրային ոլորտի կարգավորողների եվրոպական ասոցիացիայի 37-րդ լիագումար ժողովը։