Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Պաշտոնական

Հանձնաժողովի նախագահներ ու փոխնախագահներ ընտրվեցին

Օգոստոսի 27-ին Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ կայացավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը` օրակարգում ունենալով երեք հարց:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրում է Թագուհի Ղազարյանի թեկնածությունը: Պատգամավորը հիշեցրեց, որ առաջադրումը կատարվում է` ելնելով ՀՀ ԱԺ հանձնաժողովների ձեւավորման սկզբունքից` Դոնթի բանաձեւից:

Քվեարկության արդյունքում Թագուհի Ղազարյանն ընտրվեց:

Այնուհետեւ պատգամավորները քննարկեցին եւ հաստատեցին հանձնաժողովի աշխատակարգը եւ հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:

Նույն օրը Արման Եղոյանի նախագահությամբ կայացավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Նիստի սկզբում հանձնաժողովը հաստատեց իր գործունեության աշխատակարգը, որից հետո քննարկեց հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Արման Եղոյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Մերի Գալստյանի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում Մերի Գալստյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը: Շնորհավորելով պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ձեւավորման կապակցությամբ` Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովականներին մաղթեց բեղմնավոր եւ արդյունավետ աշխատանք: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը բաղկացած է 12 անդամից:  Օրակարգի նախագիծը հաստատելուց հետո քննարկվեց եւ հաստատվեց հանձնաժողովի աշխատակարգը:

Հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանի ներկայացմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքով, հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը: Պատգամավորը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:

Վահագն Հովակիմյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու հանձնաժողովի աշխատանքները բնականոն եւ արդյունավետ կազմակերպելու հարցում: Վահագն Հովակիմյանն ընտրվեց ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Իսկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն օգոստոսի 27-ի նիստի օրակարգում ուներ երկու հարց՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության եւ հանձնաժողովի աշխատակարգի հաստատման:Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը տեղեկացրեց, որ առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրում է Բաբկեն Թունյանի թեկնածությունը: Պատգամավորը ներկայացրեց թեկնածուի կենսագրական եւ մասնագիտական տվյալները, աշխատանքային գործունեությունը:

Շնորհակալություն հայտնելով «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար՝ Բաբկեն Թունյանը հույս հայտնեց, որ լինելով ԱԺ-ի ծանրաբեռնված հանձնաժողովներից մեկը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից այս հանձնաժողովը կլինի մասնագիտական բարձրության վրա, հարցերը կքննարկվեն բազմակողմանի եւ բոլորի համար կապահովի հավասար ձայնի իրավունք ու ներկայացուցչություն: Համագործակցության պատրաստակամություն հայտնելով՝ թեկնածուն նշեց, որ իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի ավելի լավ երկիր ու տնտեսություն ունենալու համար: Քվեարկության արդյունքում Բաբկեն Թունյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ: