Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քաղցկեղի դեմ վիրահատություններն արդեն իրականացվում են նոր՝ ներվիրահատական եղանակով (տեսանյութ)

Առաջինը Հայաստանում ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներդրվել է ներվիրահատական ֆլուորեսցենտային հետազոտության եղանակը, որի շնորհիվ հնարավոր է նվազեցնել հետվիրահատական բարդությունների հաճախականությունը և զգալիորեն բարելավել վիրահատական բուժման արդյունքները: Այս մասին տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը։

 

«Որոշակի տեղակայման ուռուցքների դեպքում այն բուժական ազդեցություն ունի։ Ժամանակակից ուռուցքաբանության մեջ շատ կարևոր դեր ունեցող սարք է և նմանատիպ բոլոր սարքերը մեր բուժկենտրոնը պարտադիր ունենալու է», - ասաց նա։

 

Սարքավորումն օգտագործվում է արդեն մոտ մեկ ամիս և երբեմն վիրահատարաններում հերթ է լինում ու վիրաբույժները սպասում են դրա ազատվելուն, որպեսզի իրենք նույնպես կիրառեն։

 

Ընդհանուր եվ մանկական ուռուցքաբանության եվ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր Կոստանյանն ավելի մասնագիտական տերմիններով բացատրելով նշեց, որ ուռուցքային հիվանդությունների կապակցությամբ կատարվող վիրահատությունների ժամանակ` որպես ներվիրահատական հետազոտություն ֆլուորեսցենտային եղանակը կիրառվում է մի շարք ոլորտներում․

 

«Այս հետազոտության շնորհիվ հայտնաբերվում են այպես կոչված պահակային ավշային հանգույցները կրծքագեղձի, մաշկի չարորակ նորագոյացությունների ժամանակ, և հնարավորություն է ստեղծվում նվազեցնել հետվիրահատական բարդությունների հաճախականությունը, ինչպես նաև խուսափել ավշային հանգույցների չհիմնավորված հեռացումից:  Հարկ է նշել, որ կրծքագեղձի քաղցկեղի վիրահատության ժամանակ անութափոսի ավշային հանգույցների հեռացումը կարող է հանգեցնել հետվիրահատական անցանկալի երևույթների՝ վիրահատված կողմի ձեռքի շարժումների սահմանափակում, այտուց, թմրածություն, քրոնիկական ցավ, թիակի տեղաշարժում և այլն», - ասաց նա։