Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Կաղարծի համայնք

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտունու շրջանի Կաղարծի համայնք:

 

Երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է համայնքը մայրուղուն կապող մոտ 5 կմ  երկարությամբ  ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին, որոնք իրականացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։ Կապալառու «Վիրաժ» արտադրական կոոպերատիվի ղեկավարի հավաստմամբ՝ ըստ նախատեսված ժամանակացույցի՝  ասֆալտապատման և գծանշման գործընթացն ամբողջությամբ կավարտվի արդեն սեպտեմբերին:  

 

Քաղաքաշինության նախարարի, շրջանի վարչակազմի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ նախագահ Հարությունյանը հետևել է համայնքի փողոցների հենապատերի բետոնապատման աշխատանքներին, ինչպես նաև այցելել օրերս շահագործման հանձնված բազմաբնակարան շենքի բնակիչներին, ծանոթացել բնակարանային պայմաններին: Շենքի 14 բնակարանները բաժանվել են բազմազավակ և Հադրութի շրջանից տեղահանված ընտանիքների: Պետական միջոցներով կատարված շինաշխատանքներն իրականացրել է «Ղուրուչուղ» ՍՊԸ-ն: 

 

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բոլոր բնակավայրերը մայրուղիներին կապող ճանապարհների ասֆալտապատումը շարունակում է գտնվել կառավարության ուշադրության կենտրոնում՝ մասնավորապես նշելով, որ ենթաշրջանում շուտով կսկսվի Պառավաթումբ, Հաղորտի համայնքների և կավարտվի Մուշկապատի ճանապարհների ասֆալտապատման գործընթացը: Նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ բնակարանաշինության ուղղությամբ համայնքներում պետք է շատ կոնկրետ քայլեր ձեռնարկվեն՝ հաշվի առնելով առկա ներուժի չափն ու եղած պահանջարկը:

 

Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանը եղել է նաև Կաղարծիի 19-րդ դարի Սրբ. Թարգմանչանց  եկեղեցում, որը վերանորոգվում է բարեգործական միջոցներով։