Բացել լրահոսը Փակել լրահոսը
240084096_3014456442128798_2637667628688160409_n
A A
Հասարակություն

Կորոնավիրուսի բռնկումների վտանգն առկա է․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոյին: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
 
Շնորհավորելով հյուրին պաշտոնում նշանակվելու առթիվ` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի արդյունավետ համագործակցությունը, հատկապես COVID-19-ի դեմ պայքարում, արտակարգ իրավիճակների, ինչպես նաև պատերազմական և հետպատերազմական շրջանում:
 
«COVID-19-ի հետ կապված ստեղծվել է այնպիսի իրադրություն, որ առողջապահությունը մեր երկրում դարձել է առաջնահերթություն:
 
Ցավոք, նոր բռնկումների վտանգն առկա է, և մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի ուսումնական տարվա մեկնարկին պատրաստ լինենք»,- նշել է առողջապահության նախարարը:
 
Ստորոժենկոն ԱՀԿ-ի անունից իր երախտագիտություն է հայտնել նախարարությանը` տեղական և միջազգային գործընկերների հետ համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքնրի համար` վստահեցնելով, որ Հայաստանը կշարունակի աջակցություն ստանալ:
 
«Առողջապահության նախարարության կողմից հսկայական ջանքեր են գործադրվել՝ COVID-19 համավարակի և հատկապես զինված հակամարտության ընթացքում առողջապահական համակարգի պատշաճ աշխատանքն ապահովելու համար:
ԱՀԿ հայաստանյան գրասենյակը և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը լիովին հավատարիմ են երկրում ԱՀԿ հիմնական գործընկեր առողջապահության նախարարության հետ արդյունավետ համագործակցության հանձնառությանը»,- նշել է Օլեգ Ստորոժենկոն:
 
Անդրադառնալով առողջապահական համակարգի առջև ծառացած այլ խնդիրների լուծմանը` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հիշեցրել է, որ կառավարության գործունեության հնգամյա հավակնոտ ծրագրում ներառված է նաև բժշկական ապահովագրության ներդրման անհրաժեշտությունը: