Բացել լրահոսը Փակել լրահոսը
tat_7642.thumb
A A
Քաղաքականություն

Ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ Հայաստանի և Արցախի անվտանգային շահերի հաշվին. Կառավարության ծրագիր

Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին ասված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում:

Նշվում է, որ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը կառավարության երկարատև ռազմավարությունն է: «Թշնամության խորացումը սպառնալիք է տարածաշրջանի կայունության և անվտանգության համար: Թշնամության հաղթահարումը կարող է դառնալ տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի առանցք: Ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և  կենսական շահերի հաշվին»,- ասված է ծրագրում:

Նշվում է, որ տարածաշրջանի ապաշրջափակմանն ուղղված Կառավարության արտաքին քաղաքական ջանքերը, մյուս դերակատարների կողմից կառուցողական դիրքորոշման ցուցաբերման դեպքում, կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղ և  փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձևավորմանը: Այս տեսանկյունից առանցքային է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և  2021 թվականի հունվարի 11-ի Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և  Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններով նախատեսված քայլերի ամբողջական և  անվերապահ իրագործումը:

Կառավարությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և/կամ զարգացումը։ Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը էական նշանակություն կունենան տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորման համար: