Հայաստանի մրցակիցը կորուստ է կրում
Սլովակիայի հավաքականի ֆուտբոլիստ Միխայիլ Շտոխը հնարավոր է չմասնակցի հոկտեմբերի 8-ին կայանալիք Հայաստան - Սլովակիա ընտրական հանդիպմանը: Թուրքիայի «Ֆեներբախչեում» հանդես եկող 23-ամյա ձախ եզրային հարձակվողը վնասվածք է ստացել մարզման ժամանակ եւ չի մասնակցել իր թիմի վերջին հանդիպմանը:
«Ես մարզման ժամանակ վնասել եմ կրունկս, սակայն այն այնքան էլ վտանգավոր չէ: Հուսով եմ, որ մինչեւ Հայաստանի հետ խաղը կհասցնեմ ապաքինվել եւ լիովին պատրաստ կլինեմ այդ կարեւոր հանդիպմանը» - պարզաբանել է ֆուբոլիստը:
Հավելենք, որ Միխայիլ Շտոխի խփած միակ գոլը հենց պատճառ դարձավ, որ Ռուսաստանի հավաքականը Մոսկվայում առաջին պարտությունը կրեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլում (0:1):
Սլովակիայի հավաքականը երեւանյան խաղին կսկսի պատրաստվել հոկտեմբերի 4-ից: Թիմը հավաքվելու է տեղի ժամանակով 16:00-ին, Սենեկ քաղաքի «Դոլֆին» հյուրանոցում:
Հայաստանի հավաքականն իր հավաքը նույնպես կսկսի այսօր, ժամը 13:00-ից: Մեր ընտրանին մինչեւ հանդիպումը կանցկացնի 5 մարզում: