Նորին գերազանցություն պարոն Ժոնատան Լաքոտին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ձերդ գերազանցություն Հայաստանն ու տարածաշրջանը լրջագույն ցնցումների մեջ են և դրանք գոյութենական մարտահրավերներ են ստեղծել Հայաստանի համար։
Միևնույն ժամանակ, այս իրավիճակը նոր հնարավորություններ է ստեղծում թե Հայաստանի ու տարածաշրջանի, և թե Արևմուտքի մեր բարեկամ երկրների, այդ թվում` մեզ համար շատ կարևոր երկիր Ֆրանսիայի համար: Գոհունակությամբ փաստում ենք, որ և Հայաստանի 1-ին Հանրապետության ժամանակ, և խորհրդային օկուպացիայից հետո անկախության վերականգնման ամբողջ ներկայիս ընթացքում Ֆրանսիան Հայաստանի կողքին է։ Մեր երկրների միջև գոյություն ունեցող առանձնահատուկ հարաբերությունները թևակոխում են նոր փուլ: Եվ կրկին համընկնում են Հայաստանի Հանրապետության Ֆրանսիական Հանրապետության շահերը:
Համընկնում են, որովհետև դրանք հիմնվում են ազատության, հավասարության և եղբայրության ֆրանսիական սկզբունքներից բխող մարդասիրական ու ժողովրդավարական համամարդկային արժեքների վրա: Հուսով ենք, որ մեզ համար այս դժվարագույն պահին եղբայրական Ֆրանսիան չի լքի հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը և կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի իրականություն դառնան միջազգային հանրության, այդ թվում` Ֆրանսիայի ստանձնած հանձնառությունները:
Հարյուր տարի առաջ հանգամանքների բերմամբ խափանված այդ հանձնառությունների կատարումը կվերակերտի Ազգերի լիգայի Զեկույց առաջարկով (24 փետրվարի 1920 թ.) և ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով (22 նոյեմբերի 1920 թ.) սահմանված Հայաստանի Հանրապետությունը, որը կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության և Ֆրանսիայի, Եվրոպայի ու ամբողջ Արևմուտքի ռազմավարական շահերի հենքը։
Ընդունեք խնդրեմ Ազգային-ժողովրդավարական բևեռի և առաջադեմ հայ հանրության ջերմագին ողջույններն ու եղբայրության հավաստիացումը։