Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նարե
A A
Քաղաքականություն

Ֆեյսբուքահայությունն օգնեց իրեն հուզած Նարեին․ «Ա1+»-ի տեսանյութի աղջկա տունը կնորոգվի

Ֆեյսբուքահայությանը հուզած փոքրիկ Նարեի ընտանիքը առաջիկայում կապրի նորոգված տանը։

 Արցախի կառավարությունը հանձն է առել նորոգել  44-ամյա պատերազմում զոհված Ալյոշա Գրիգորյանի տունը։ Այս մասին հայտնեց Վաչե Վարդանյանը, որը «Ա1+»-ի հայտնի տեսանյութից հետո այցելել էր Գրիգորյաններին  եւ  դրամահավաք հայտարարել Նարեենց՝   Ճարտար գյուղում գտնվող տունը նորոգելու նպատակով։

«Մեկ ամիս առաջ բոլորիս սիրելի Նարեի համար հայտարած դրամահավաքն անհավանական արդյունքներ տվեց։  Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ, աղջկա խոսքերից անկեղծորեն հուզված ու ցնցված,  ցանկացան իրենց ներդրումն ունենալ հերոսի զավակի լուսավոր ու ապահով ապագայի համար: Քանի որ ԱՀ կառավարությունը հանձն առավ վերանորոգել նրանց տունը, հավաքված գումարը արդյունավետ ու ճիշտ օգտագործելու համար Նարեի մայրիկի հետ որոշեցինք  Նարեի անունով ավանդ դնել բանկում, որը  երեխան կկարողանա ստանալ 18 տարեկանը լրանալուց հետո։ Այդ ժամանակ գումարը տոկոսների հաշվին մոտ երեք անգամ ավելացած կլինի»,- տեղեկացրեց Վաչեն, որը պատերազմից հետո Երեւանից տեղափոխվել եւ հաստատվել է Արցախում։

Ըստ նրա՝ հավաքվել  է 4 886 591  ՀՀ դրամ գումար, որից 4 500 000 դրամը  դրվել է որպես ավանդ, մնացած գումարը  ընտանիքը կօգտագործի  առօրյա ծախսերի համար:   

Վաչե Վարդանյանն  էլ է հուզված նման արդյունքից․ « Ինքս անսահման շնորհակալ եմ բոլորին վստահության համար, սա աննախադեպ դեպք էր, երբ հրապարակումը անելուց  անմիջապես հետո այդքան ծանոթ ու անծանոթ մարդիկ փոխանցումներ արեցին, փոխանցումների ընդհանուր թիվը 400-ից ավել է»։

Նա ֆեյսբուքյան իր էջում  տեղադրել է փոխանցման անդորրագիրը, ավանդի պայմանագիրը եւ  քաղվածքը։

Հիշեցնենք, որ  Նարեի հայրը՝  41-ամյա զինվորական Ալյոշա Գրիգորյանը, որն իր կյանքի 14 տարին նվիրել էր բանակին, զոհվել է 2020թ հոկտեմբերի 29-ին  Մարտունիում։  

7-ամյա Նարեն մոր, քրոջ եւ եղբոր հետ բնակվում է Ճարտար գյուղի կիսակառույց տանը։  Պատերազմից ընդամենը մեկ տարի առաջ էին նրանք հաստատվել այստեղ։ «Ա1+»-ի լրագրողը նրա հետ զրուցել էր, երբ հոդված էր պատրաստում արցախցի երեխաների վրա պատերազմի թողած հոգեբենական ազդեցության մասին։  Տեսանյութում Նարեն շշնջում է, որ պատերազմում կորցրել է պապային։

Ի դեպ, Գրիգորյանենց տան պատուհանից երեւացող սարի հետեւում արդեն ադրբեջանցին է։  

Լուսանկարում Նարեն է՝ Վաչե Վարդանյանի հետ