Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քիմիական կենտրոնի ջրավազանի փոխարեն՝ բնակելի շենք․ գիտաշխատողները ակցիա էին անում (տեսանյութ)

Կառավարության շենքի մոտ այսօր հավաքվել էին ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցներն ու պահանջում էին թույլ չտալ ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի  տարածքում՝ Ազատության 26/1 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել։ Աշխատակիցները պաստառներ ունեին՝ «Կա գիտություն, կա ապագա», «հզոր գիտություն, հզոր Հայաստան» և այլ գրություններով։

«Ա1+»-ի հետ զրույցում  ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի» գիտաշխատող Ռոբերտ Հակոբյանը նշեց, որ երկար տարիներ Կառավարությունից իրենց նամակներին պատասխանում էին, որ այդ հատվածի կառուցապատման վերաբերյալ դեռևս հստակ որոշում չկա, սակայն սույն թվականի հուլիսի 21-ին Կառավարության խորհրդակցական նիստի ժամանակ որոշվել է, որ այդ հասցեում պետք է կառուցվի բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր։

«Ինչպես Քննչական կոմիտեի կարճված գործի փաստաթղթերում է նշվում՝ 2007թ․-ին ապօրինաբար օտարվել է մեր ջրավազանը, որը ինստիտուտի անվտանգության ու մնացած հարցերի համար մեծ նշանակություն ունի։ Դրանից հետո մի քանի սեփականատեր է փոխվել և վերջին գնորդը որոշել է բնակելի կառուցել։ Բայց այդ շենքի կառուցումից հետո ինստիտուտը միանշանակ կփակվի», - նշեց Ռոբերտ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ գիտահետազոտական ինստիտուտին այդքան մոտ բնակելի շենք լինել չի կարող, քանի որ, գուցե ինստիտուտից թունավոր արտանետումներ չեն լինում, բայց հաճախ դրանք տհաճ հոտ են ունենում, որը կարող է խանգարել բնակիչներին․ «Ասելու են՝ փակեք, այդ պարագայում բնակելի՞ն են քանդելու, թե՞ ինստիտուտը»։

Ինստիտուտն այսօր քիմիայի մասնագետների ու այդ կրթական ոլորտի համար ողնաշար է, ասաց Ռոբերտ Հակոբյանը, և նաև այն անգին է Հայաստանի համար, որովհետև նման տիպի կառույց Հայաստանն այսօր նորից կառուցել իրեն չի կարող թույլ տալ։

«Խնդրի այդ բոլոր կողմերին, չգիտես ինչու, Կառավարությունից տեղյակ չէին։ Ջրավազանը պետք է վերադարձնեն ինստիտուտին, քանի որ այն մեծ նշանակություն ունի։ Իսկ 2007-ին սեփականատերը ջրի ելքն ու մուտքը բետոն է արել։ Մենք արտանետումներ ունենք, որոնք պետք է մեղմել, իսկ դրա լավագույն միջոցը ջուրն է», - ասաց Հակոբյանը։  

Եթե կառուցապատումը սկսվի, ինստիտուտում առկա թանկարժեք՝ մեկ մլն եվրոյից ավելի գնահատվող սարքերը պարզապես կխափանվեն, նշեց Ռոբերտ Հակոբյանը։ Դրանք շատ զգայուն սարքեր են և հիմա դրանք անգամ այնպիսի սենյակներում են պահվում, որոնց կողքով մեքենաներ գրեթե չեն անցնում․ «Եթե շինարարական տեխնիկա աշխատի, փորձի 5 հարկ փորել, կոչնչանան այդ սարքերը»։

Նա նշեց, որ դրսում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին են տեսել ու նամակ են հանձնել իրենց ստորագրություններով, սպասելու են, որ հանձնեն նամակը նաև ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանին։ Նամակ են փոխանցելու նաև վարչապետի պաշտոնակատարին, որում մանրամասն նշված են իրենց անհանգստացնող ու ինստիտուտին վնասող բոլոր խնդիրները։

Հիշեցնենք, որ գիտաշխատողները 2007թ ից ահազանգում են խնդրի մասին։