«ԼՂ հարցում ՀՀ-ն չունի քաղաքականություն»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ հոկտեմբերի 4-14-ը Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում նախատեսված դաշտային գնահատման առաքելությունը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար. քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը համարում է անթույլատրելի:
- Պարոն Սաֆարյան, ի՞նչն է Ձեզ ամենից շատ մտահոգում այս առաքելության իրականացնելու հարցում:
- Վտանգը հենց նրանում է, որ այդ առաքելության արդյունքում կազմվելու է զեկույց, որի միայն անվանումը, որ այն անցկացվել է «Ադրբեջանի գրավյալ տարածքներում», անկախ բովանդակությունից արդեն բավարար է ասելու համար, որ հետագայում խնդիրներ են առաջանալու այդ տարածքներին այլ կարգավիճակ տալու համար:
- Դուք որեւէ կապ տեսնո՞ւմ եք այս առաքելության եւ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 64-րդ նստաշրջանի օրակարգից Ադրբեջանի նախաձեռնած «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի նախագիծը հետ վերցնելու մեջ:
- Միանշանակ նման իրավիճակ ստեղծվել էր 2007թ., երբ ՄԱԿ-ի ԳԱ-ի մեկ այլ նստաշրջանում Ադրբեջանը մեկ այլ բանաձեւի նախագիծ ներկայացրեց «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածներում»: Ինչպես հետագայում խոստովանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, այդ բանաձեւի քննարկումը ՄԱԿ-ի ասամբլեայի օրակարգից հանվել էր միայն այն պարզ պատճառով, որ հայկական կողմը համաձայնվել էր եւ թույլ էր տվել , որ փաստահավաք առաքելություն ուղարկվի ազատագրված տարածքներ:
- Ի՞նչն է պատճառը, որ մեր իշխանությունները չեն պնդում, չեն պահանջում, որ նման առաքելություն իրականացվի նաեւ այսօր Ադրբեջանի կողմից վերահսկվող հայկական տարածքներում:
- ԼՂ հարցում Հայաստանի իշխանությունները չունեն որեւէ քաղաքականություն եւ որեւէ պահանջ: Նրանք ամեն ինչ թողել են միջազգային հանրության հայեցողությանը, այդ թվում` Արցախի կարգավիճակի ճանաչումը, եւ հետեւաբար միայն համաձայնում են ամեն մի առաջարկի կամ լավագույն դեպքում կարող են մերժել այդ առաջարկները: Պատճառն այն է, որ ՀՀ-ն չգիտի, թե ինչ քաղաքականություն է վարում: Ի տարբերություն ՀՀ-ի` Ադրբեջանը ԼՂ հարցում ունի շատ հստակ քաղաքականություն` քայլ առ քայլ, զեկույց առ զեկույց, կազմակերպություն առ կազմակերպություն փորձում է ամրագրել իր իրավունքը ոչ միայն ազատագրված տարածքներում, այլեւ բուն Ղարաբաղի նկատմամբ:
- ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում այս պահին ի՞նչ կարող են անել ՀՀ իշխանությունները, որ չեն անում:
- «Ժառանգություն» կուսակցությունը մեկ լուծում է տեսնում` վերջ տալու համար միջազգային կազմակերպություններում ազատագրված տարածքների ադրբեջանապատկան լինելու մասին զեկույցներին եւ վտանգավոր գործընթացներին, պարզապես պետք է ճանաչել ԼՂՀ-ն այն սահմաններով, որով նա հռչակվել է որպես անկախ պետություն:
Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը