Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ-ոքիներ

Սպորտ
451bb9ab0a9e12706651986c7ad14290

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում մեր երկու հավաքականներն էլ ոչ-ոքի ավարտեցին իրենց հանդիպումները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը վստահ սկսեց Վրաստանի թիմի հետ խաղը եւ սկզբում հաղթում էր 2:1 հաշվով. Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղացին Բադուր Ջոբավայի եւ Մերաբ Գագունաշվիլիի հետ, իսկ Արման Փաշիկյանը սպիտակներով հաղթեց Թամազ Գելաշվիլիին: Ավաղ, Գաբրիել Սարգսյանը երկարատեւ պայքարից հետո տանուլ տվեց Լեւան Պանցուլայային եւ հանդիպման ընդհանուր հաշիվը հավասարվեց` 2:2:

Սակայն երկու թիմերն էլ պահպանեցին իրենց տեղն առաջատարների խմբում, քանի որ համաքայլ ընթացող Հունգարիայի հավաքականն այսօր պարտվեց Ուկրաինայի թիմին` 1:3, եւ զիջեց դիրքերը:

Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցն այս տուրում Ռուսաստանի 2-րդ թիմն էր: Մեր շախմատիստուհիները նույնպես լավ սկսեցին հանդիպումը. Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը հաղթեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտվեց: Հանդիպման ելքը վճռվեց Անաստասիա Բոդնարուկ - Նելլի Աղինյան պարտիայում: Ցավոք, երկարատեւ պայքարից հետո, 70-րդ քայլին մեր շախմատիստուհին ստիպված կանգնեցրեց ժամացույցը եւ անձնատուր եղավ: Այդպիսով, գրանցվեց իսկական մարտական ոչ-ոքի` 2:2: