Տոկիոյի օլիմպիական խաղեր. թվեր և փաստեր
Աջակցիր «Ա1+»-ինՃապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում այսօր տեղի կունենա թվով 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը:
Ընթացիկ խաղերին կմասնակցեն 204 ազգային օլիմպիական կոմիտեների հավաքականները, ինչպես նաև փախստականներից կազմված թիմը: Խաղերին մասնակցելուց հրաժարվել են երկու երկիր` Հյուսիսային Կորեան ու Գվինեան:
Բոլորից շատ մասնակից կունենա ԱՄՆ-ի հավաքականը` 613 մարզիկ-մարզուհի: Անդորան, Բրունեյը, Բերմուդյան կղզիները, Նաուրուն, Սոմալին, Տուալուն, Աֆրիկայի Կենտրոնական Հանրապետությունը և Հարավային Սուդանը կներկայանան 2 մարզիկով:
Խաղերի ամենակրտսեր մասնակիցը 12-ամյա սիրիացի Հենդ Զազան է, որը հանդես կգա սեղանի թենիսի մրցումներում: Ընտրական մրցաշարում նա հաղթել է Լիբանանը ներկայացնող մեր հայրենակից, 42-ամյա Մարիանա Սահակյանին:
Տոկիո-2020-ի ամենատարեց մասնակիցը ավստրալուհի Մերի Հաննան է. որը այս տարի նշում է իր 66-ամյակը: Նա ուժերը կչափի ձիասպորտում:
Տոկիոյի օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձև: Առաջին անգամ կանցկացվեն կարատեի, սյորֆինգի, ժայռամագլցման և սկեյտբորդի մրցումներ: Կխաղարկվեն 339 կոմպլեկտ մեդալներ` 33-ով ավելին, քան 2016թ Ռիոյի օլիմպիական խաղերում:
Մրցումները կանցկացվեն 43 մարզակառույցներում, որոնցից 10 ժամանակավոր են, 8-ը նորակառույց:
Խաղերին ընդհանուր առմամբ կներգրավվեն 190 հազար մարդիկ, այդ թվում նաև կամավորականները: Նրանցից միայն 18 հազարը կբնակվի օլիմպիական ավանում:
Տոկիոյի օլիմպիական խաղերի բյուջեն կազմել է 15,4 մլրդ դոլար: Ըստ նախնական տվյալների, Ճապոնիայի կառավարությունը 22 մլրդ դոլարի վնաս է կրել այն բանի համար, որ մրցումները կորոնավիրուսի պատճառով անցկացվում են առանց հանդիսականների:
Հիշեցնենք, որ Հայաստանից խաղերին կմասնակցեն 17 մարզիկ-մարզուհի: Առաջինը պայքարի մեջ կմտնի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:
