Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հաղթեց նաեւ Ռուսաստանի 2-րդ թիմին

Սպորտ
ccd01b581ab477d929f331cc601dd5ab

Խանտի Մանսիյսկում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ շարունակում է ընթանալ առաջատարների խմբում:

Հինգերորդ տուրում մեր շախմատիստների քառյակը լարված պայքարում 2,5:1,5 հաշվով հաղթեց Ռուսաստանի 2-րդ թիմին: Առաջին երեք խաղատախտակներին հանդես եկող Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ ահա մեր չորրորդ մասնակիցը` Արման Փաշիկյանը, առավելության հասավ իր մրցակցի նկատմամբ:

Հիշեցնենք, որ նախօրեին մեր տղաները պարտության էին մատնել Ռուսաստանի 3-րդ թիմին:

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը Վրաստանի եւ Հունգարիայի հետ միասին սկսեց գլխավորել մրցանակային աղյուսակը:

Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը նույն հաշվով հաղթեց Հունաստանի թիմին: Մեր ընտրանուն հաղթական միավոր բերեց 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Նելլի Աղինյանը: էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:

Հինգ տուրից հետո մեր շախմատիստուհիները վաստակեցին 8 միավոր եւ ընդհուպ մոտեցան առաջատարներին` Ուկրաինայի, Ռուսաստանի 1-ին, Հունգարիայի եւ ԱՄՆ-ի հավաքականներին:

Ի դեպ, այս տուրում միմյանց հետ հանդիպեցին Վրաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: Մեր հարեւան երկրների մրցավեճն ավարտվեց վրացուհիների բացահայտ հաղթանակով` 4:0: