Հայաստանի հավաքականը հաղթեց
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5: 1,5 հաշվով քիչ առաջ հաղթեց Ռուսաստանի 3-րդ ընտրանուն: Այսպիսով` Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը գրանցեց իր չորրորդ հաղթանակը:
Հիշեցնենք, որ այսօր տեղի էին ունենում 4 տուրի հանդիպումները:
Մեր թիմից այս անգամ հաղթանակ տարավ միայն Լեւոն Արոնյանը, իսկ ահա Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանը իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին:
Հայաստանի հավաքականը շարունակում է անկորուստ ելույթ ունենալ եւ Ռուսաստանի 1-ին ու 2-րդ, Հունգարիայի, Հոլանդիայի, Վրաստանի հավաքականների հետ միասին գլխավորում է աղյուսակը:
Հայաստանի կանանց հավաքականը 3,5:0,5 հաշվով հաղթանակ տարավ Խորվաթիայի թիմի նկատմամբ: Մեր թիմի առաջատարներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, ինչպես նաեւ 4-րդ խաղատախտակին հանդես եկող Նելլի Աղինյանը պարտության մատնեցին իրենց մրցակիցներին, եւ միայն Լիլիթ Գալոյանը խաղաղ դաշն կնքեց: