Հակադոպինգային նիստ Ծաղկաձորում
Սեպտեմբերի 26-28-ը Ծաղկաձորում կանցկացվի Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության խորհրդի նիստ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Այն նախաձեռնել են հակադոպինգային համաշխարհային գործակալությունը (WADA), Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և սպորտային բժշկության հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնը: Միջոցառմանը մասնակցելու են 10 երկրների` Ալբանիայի, Բելառուսի, Բոսնիա-Հերցեգովինայի, Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Սերբիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Հայաստանի ներկայացուցիչներ:
Նիստի շրջանակներում նախատեսված են խորհրդակցություններ, կլոր սեղան, դոպինգ սպաների որակավորման ուսումնական դասընթաց: Կքննարկվի նաեւ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների մարզիկների համար դոպինգ ստուգման գրասենյակ ստեղծելու հարցը: