Եվրոպական սպորտի ապագան կորոշվի Բաքվում
Այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի կունենա եվրոպական երկրների սպորտի նախարարների միջազգային համաժողովը:
«Այս համաժողովը կարեւոր նշանակություն ունի եվրոպական սպորտի համար, - հայտարարել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկին, - Աշխատանքների ընթացքում մենք քննարկելու են բազմաթիվ կարեւոր հարցեր, մասնավորապես` սպորտի մաքրության եւ ազնվության հետ կապված հարցերը»:
Պատրիկ Հիկին նաեւ նշել է, որ իրենք ցանկանում են մարզիկների եւ մարզիչների համար մտցնել առանց մուտքի վիզայի ռեժիմ, ինչը նրանց թույլ կտա ազատ ճանապարհորդել եվրոպական երկրներով:
«Առանձին եւ ամենայն մանրամասը կքննարկենք առաջիկայում Եվրոպական խաղեր անցկացնելու հարցը: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն վաղուց է դժգոհում, որ «հին աշխարհում» չեն անցկացվում այնպիսի խաղեր, ինչպիսիք են Պանամերիկյան, Ասիական, Աֆրիկյան խաղերը»,-ասել է նա:
Եվրոպական խաղեր կազմակերպելու մասին վերջնական որոշում կկայացնի այս տարվա նոյեմբերին Բելգրադում կայանալիք ԵՕԿ-ի գլխավոր համաժողովում: «Եթե Բելգրադում հարցը դրական լուծում ստանա, ապա Եվրոպական առաջին խաղերի կազմակերպիչ երկիր կարող է դառնալ Ադրբեջանը», - Բաքվում դիվանագիտորեն ասել է Պատրիկ Հիկին:
Հավելենք, որ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը համաժողովին մասնակցելու հրավերք ստացել է, սակայն այս օրերին նա աշխատանքային այցով գտնվում է Իսպանիայում: Այդ մասին «Ա1+»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի կենտրոնից: