Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro (5)
A A
Սպորտ

Եվրո-2020, 23-րդ օր. իրար հետ կհանդիպեն հավասար և անհավասար մրցակիցներ

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնությունում այսօր կկայանան քառորդ եզրափակիչ փուլի վերջին երկու հանդիպումները:

Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում հարաբերությունները կպարզեն Դանիայի և Չեխիայի հավաքականները: Երկու թիմերն էլ մեծ դժվարությամբ են հաղթահարել խմբային փուլը, բայց ահա 1/8 եզրափակիչ արգելքը բավական վստահ են անցել: Դանիացիները 4:0 հաշվով հաղթել են Ուելսի ընտրանուն, իսկ չեխերը 2:0 հաշվով պարտության են մատնել Նիդեռլանդներին:

Նախկինում թիմերն իրար հետ հանդիպել են 10 անգամ: Վեց հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, իսկ մնացածում կողմերը տարել են երկուական հաղթանակ:

Քառորդ եզրափակիչ վերջին խաղում Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում Անգլիայի ընտրանին կմրցի Ուկրաինայի հետ: Անգլիացիները ընթացիկ առաջնությունում արդեն տարել են երեք հաղթանակ, ընդ որում չոր հաշվով, և միայն Շոտլանդիայի հետ են գոլազուրկ ոչ-ոքի խաղացել: 1/8 եզրափակիչում նրանք 2:0 հաշվով առավելության են հասել Գերմանիայի նկատմամբ:

Ուկրաինայի հավաքականը վերջին պահին է մտել փլեյ-օֆֆ, իսկ 1/8 եզրափակիչում, Շվեդիայի հետ խաղում, լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ է առաջին անգամ հայտնվել Եվրոպայի ութ ուժեղագույնների շարքում:

Նախկինում թիմերն իրար հետ հանդիպել են 7 անգամ: Չորս խաղում հաղթել են անգլիացիները, մեկում` ուկրաինացիները: Վերջին երկու հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի` 1:1, 0:0: