Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ընտրական օրացույց. 11 օր անց. Կարեն Դեմիրճյանը կարգուկանոն է հաստատում ԱԺ-ում (տեսանյութ)

1995-ի ընտրություններից հետո ԿԸՀ-ն չեղյալ է համարում դաշնակցական Կիմ Բալայանի մասնակցությունը կրկնական ընտրություններին: Դրա համար հիմք էր ընդունվել ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար Սերժ Սարգսյանի  ԿԸՀ ներկայացրած փաստաթուղթը, ըստ որի Բալայանը մեղադրվում է քրեական հանցագործության մեջ: Գագիկ Ջհանգիրյանի վկայությամբ Բալայանի վստահված անձինք կաշառել են 4 ընտրողի` տալով նրանց 10-30դոլար:

1999-ի ընտրություններից 11-րդ օր հետո նոր խորհրդարանը գումարում է իր առաջին նիստը: Բացման խոսքի իրավունքը նախագահ Ռոբերտ Քոչարյանինն է: Նիստը նախագահողը ամենատարեց պատգամավորն է՝ կոմունիստ Պերճ Բոշնաղյանը: Խորհրդարանի ղեկավարի թեկնածուներ են առաջադրվում Կարեն Դեմիրճյանն ու Արտաշես Գեղամյանը:

Գեղամյանի նախընտրական ելույթի ժամանակ պատգամավորների մի խումբ ցուցադրաբար լքում է դահլիճը: «Միասնություն» դաշինքում ընդգծված բացասական վերաբերմունք կար ՕԵԿ-ի եւ «Իրավունք եւ միաբանության» նկատմամբ։ Դա դրսեւորվեց ինչպես Գեղամյանի ելույթի ժամանակ դահլիճից դուրս գալով, այնպես էլ՝ ավելի ուշ մշտական հանձնաժողովների նախագահներին ընտրելիս։ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը ազգային համերաշխություն ձեւավորելու գաղափարներով մեկական մշտական հանձնաժողովի նախագահի տեղ տվեցին Դաշնակցությանը, ԱԺՄ-ին եւ ԿոմԿուսին։ Իսկ ՕԵԿ-ին եւ «Իրավունք եւ միաբանությանը» տեղեր չտվեցին՝ համարելով, որ առաջինի թիկունքում Սերժ Սարգսյանն է, երկրորդի թիկունքում՝ Սամվել Բաբայանը։ Փակ քվեարկությամբ հաղթում է «Միասնություն» դաշինքի առաջնորդ Կարեն Դեմիրճյանը:

Վարչապետ Արմեն Դարբինյանը խորհրդարանում տեղեկացնում է, որ նոր խորհդարանի ձեւավորումից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին: Նրա համոզմամբ, կառավարությունը պետք է կազմավորի ընտրություններում հաղթած «Միասնություն» դաշինքը։

1999-ի ընտրություններից 11 օր հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի վարչապետ է նշանակում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին: Խորհրդարանի միջանցքներում ընտրություններին հաջորդող 11-րդ օրը քննարկում են նոր ձեւավորվող կառավարության կազմը: Այստեղ է Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը, որը համոզված է, որ ապագա կառավարությունում Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարությունը չի կարելի տարանջատել: Արդեն հայտնի է, որ վարչապետը Վազգեն Սարգսյանն է, որի հետ, որոշ լուրերի համաձայն, Սերժ Սարգսյանը տարաձայնություններ ունի. «Օրինակ տարբեր հարցեր կան, ինչ ասեմ՝ Վազգենը մեկ-մեկ սիրում ա գինի, ես վիսկի, կամ էլ հակառակը: Տարաձայնությու՞ն է դա, թե տարաձայնություն չի»: Խորհրդարանի նոր ղեկավար Կարեն Դեմիրճյանը ընտրվելու առաջին իսկ րոպեներից կարգուկանոն է հաստատում դահլիճում՝ պատգամավորները դահլիճից պետք է դուրս գան միայն այն դեպքում, եթե, իր բառերով, բան-ման պետք լինի: Նոր խորհրդարանի առաջին իսկ նիստի օրը շենքի վերեւում սովորականից շատ են ագռավները: Այստեղ հույս ունեն, որ նրանց չարագուշակ կռռոցը մարգարեական չէ :

Մինչ խորհրդարանում խոսում են, թե ովքեր են տեղ գտնելու նոր կառավարությունում, արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախարարության շենքի բացման առիթով հյուրեր է ընդունում: Նրանց մեջ է նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բայց ոչ վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ ոչ էլ խորհրդարանի ղեկավար Կարեն Դեմիրճյանը։

2003-ի հունիսի 5-ին ընդդիմադիր «Արդարություն» դաշինքն ամբողջությամբ պատրաստել է խորհրդարանի ընտրությունների արդյունքը բողոքարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Սակայն դաշինքը մեծ հույսեր չունի, որ դատարանը կբավարարի իրենց հայցը: «Սահմանադրական դատարան դիմելու հիմնական պատճառն այն է, որ եթե մենք չդիմենք, կփակենք Եվրոպական դատարան դիմելու ճանապարհը», - բացատրում է դաշինքի անդամ Շավարշ Քոչարյանը:

2007-ի ընտրություններից 11 օր հետո Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը մեկ ամիս առաջ վերապրել էր իր դեմ հերթական մահափորձը, հայտարարում է, որ իր դեմ նոր մահափորձ է պատրաստվում: Նա ասում է, որ կրակողները կուսակցականներ են, բայց ոչ հանրապետականներ, քանի որ ընտրություններից առաջ իր վրա կրակած մարդիկ ուզում էին, որ մայիսի 12-ի ընտրություններում Հանրապետականը Գյումրիում պարտվեր:

ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը, որը բազմիցս հայտարարել է, թե իր  ճակատին գրված է՝ ՕԵԿ, 2007-ի ընտրություններում կրկին ընտրվելուց հետո դիմում է ներկայացնում կուսակցություն, ինչպես նաեւ ԿԸՀ՝ Գարեգին Ազարյանին, տեղեկացնելով, որ դուրս է գալիս կուսակցությունից եւ խորհրդարանում 5 տարի գործելու է որպես անկախ պատգամավոր: 2012-ի ընտրություններից հետո քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանն արձանագրելով խորհրդարանում Հանրապետականի մեծամասնություն դառնալը արձանագրում է, որ Հայաստանում իշխանափոխության այլեւս պետք չէ սպասել: Պատճառն այն է, որ քաղաքականապես հասուն հատվածը Հայաստանում փոքրամասնություն է.

«Մայիսի 6-ը ցույց տվեց, որ հայ հասարակության մի զգալի մասը 30 վայրկյանում գերադասեց 30 արծաթը»: Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, հանրապետական Ռազմիկ Մարտիրոսյանը  2012-ի ընտրությունները համարում է մրցակցային :

Մեկ այլ նախկին պատգամավոր՝ Վիգեն Խաչատրյանը կտրուկ համաձայն չէ հանրապետական նախկինի հետ՝ Հայաստանում մրցակցային է միայն ընտրության մասնակցությունը, բայց ոչ ընտրվելու հնարավորությունը։  Ընտրություններին հաջորդող օրերին ավելի ու ավելի թեժանում են նոր կառավարության մասին խոսակցությունները՝ ովքեր են հեռանալու եւ ովքեր են մնալու՝ կարծես թե ոչ ոք չգիտի:

Հրայր Թովմասյանը որոշ լուրերով հեռացողների մեջ է, մյուսները ոչինչ չեն ասի։ Կառավարության մասին խոսակցություններին կարող է վերջ տալ այս օրը Հանրապետականում գումարվող գործադիր մարմնի նիստը: Վարչապետն ինքն էլ չգիտի, թե ում ինչ ճակատագիր է սպասվում: Գուցե Սերժ Սարգսյանն իմանա։ Նիստից հետո փոքր-ինչ որոշակիություն է մտնում՝ կլինի՞ կոալիցիոն կառավարություն, թե՝ ոչ: Սերժ Սարգսյանը սակայն կրկին ասելիք չունի։