Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis (1)
A A
Սպորտ

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը բարելավել է դիրքերը

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվել է Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի մրցումը, որին մասնակցել է նաև Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը: Մեր ընտրանին (կազմը՝ Միքայել Ավետիսյան, Սեդրակ Խաչատրյան, Հենրիկ Նիկողոսյան, Նադիր Սարգսյան, մարզիչ՝ Վահե Ավետիսյան) Չեռնոգորիայի, Ադրբեջանի և Ալբանիայի հավաքականների հետ պայքարում A խմբում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը և հնարավորություն ստացել արդեն 2022 թվականին հանդես գալու Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի մրցմանը:

Ալբանիայի և Ադրբեջանի հետ հանդիպումներում Հայաստանի հավաքականը նույն 2։1 հաշվով հաղթանակ է տոնել, իսկ վերջին տուրում զիջել է Չեռնոգորիային: Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանի խոսքով՝ չորրորդից երրորդ ենթախումբ անցումը մեծ հաջողություն է, որը վկայում է վերջին տարիներին մարզաձևի զարգացման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքի մասին. «Նախքան Մակեդոնիա մեկնելը չգիտեինք, թե որ հավաքականների հետ ենք մրցելու. վիճակահանությունը տեղում եղավ, և մենք ընդգրկվեցինք բավականին հետաքրքիր խմբում:

Ի ուրախություն բոլորիս՝ Ալբանիայի և Ադրբեջանի հետ խաղերում տղաները հաղթեցին, ինչն ապահովեց խմբում երկրորդ հորիզոնականը և երրորդ ենթախումբ անցումը: Այս հաջողությունը փաստում է, որ Հայաստանում թենիսը զարգացում է ապրում: Մենք աստիճանաբար ավելացնում ենք միջազգային մրցաշարերին մասնակցությունը և դրանց անցկացումը, ինչը չի կարող անհետևանք մնալ»:

Հավելենք, որ այժմ ընթացքի մեջ է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը, հուլիս-օգոստոս ամիսներին նախատեսված է մասնակցություն միջազգային պատանեկան մրցաշարերի, իսկ աշնանը կկայանա Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

ԿԳՄՍ նախարարության  մամուլի ծառայություն