Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սա ոչ թե ընտրապայքար է, այլ պետությունը փրկելու հատուկ օպերացիա․ Զուրաբյան (տեսանյութ)

Քաղաքական իրատեսության ողջախոհության համար երկրում շարժում է բարձրանում, և այս ընտրությունները հիմնականում կենտրոնացան Հայաստանի անցած ճանապարհի ու թույլ տված սխալների վրա։ Ասուլիսում քարոզարշավի ամփոփումն այսպես սկսեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

Նա նշեց, որ իրենց համար սա ոչ թե ընտրապայքար է, այլ պետությունը փրկելու հատուկ օպերացիա։ Զուրաբյանը միանգամից անդրադարձավ «Հանրային» հեռուստաընկերության կազմակերպած մեծ բանավեճին, որին երեկ մասնակցեցին քաղաքական ուժերի առաջին համարները։ Նա նշեց, որ դա կարևորագույն իրադարձություն է, և բնական է, որ որևէ ընտրություն կարող է արդար համարվել, եթե այդ իրադարձության ժամանակ ապահովվում են հավասար իրավունքներ։

«Ես ստիպված եմ հայտարարել, որ «Հայ ազգային կոնգրեսին» մերժեցին այդ բանավեճին մասնակցելու իրավունքից։ Համաձայն գործող Սահմանադրության, սա կուսակցությունների մրցույթ է, և եթե կազմակերպվում է նման բանավեճ, պետք է բոլոր կուսակցություններին հնարավորություն տրվի մասնակցել այդ բանավեճին իրենց ընտրած ներկայացուցչի միջոցով։

Որոշվել էր, որ ՀԱԿ-ին այդ բանավեճում պետք է ներկայացնեի ես։ Մենք գրավոր տեղյակ էինք պահել Հ1-ին ու ստացել պատասխան, որ միայն ցուցակների առաջին դեմքերը կարող են մասնակցել ու մեզ մերժեցին», - ասաց Լևոն Զուրաբյանը։

Այդ մոտեցումը նա համարեց անընդունելի, որը խախտում էր իրենց ընտրական իրավունքները։ Իրենք միանգամից դատարան են դիմել, վերջինս հայցը մերժել է ձևական շարժառիթներով, թե լիազորությունները ճիշտ ձևակերպված չեն․ «Ընդհանրապես աբսուրդ որոշում են ընդունել, որ այն հայցը, որով ներկայացնում ենք դատարան, չի առնչվում մեր ընտրական իրավունքի պաշտպանությանը և այդ բացարձակ կեղծ հիմնավորմամբ չեն ընդունել մեր հայցը դատարան։ Մեզ համար պարզ է, որ այս ամենը կատարվում է իշխանությունների հրամանով ու մենք կդիմենք վերաքննիչ դատարան։ Նիկոլ Փաշինյանը վախեցել է, որ ՀԱԿ-ը կներկայանա այդ բանավեճին»։

Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք հարցեր ունեին Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյանին, որոնցից նրանք միշտ խուսափում են և այդ հարցերը երեկ ոչ ոք չհնչեցրեց, սակայն այդ հնարավորությունը իրենց չընձեռվեց։

ՀԱԿ պատգամավորի թեկնածու Աննա Գևորգյանն էլ վստահ է, որ ժողովուրդը «մուրճի ու մանգաղի» պարտադրված երկընտրանքից դուրս են գալու, որովհետև կա այդ ընկալումը՝ միակ սառը զենքը, որ անհրաժեշտ է Խորհրդարանում, սուր միտքն է, սառը դատողությունը և ողջախոհությունը։

2017թ․ ՀԱԿ-ն այնքան էլ բարձր արդյունքներ չէր գրանցել, նշեց լրագրողը, Զուրաբյանը պատասխանեց, որ չպետք է մոռանալ, թե ինչ համակարգում էր դա կատարվում՝ համատարած կեղծիքների, կաշառքների բաժանման։ Այդ տոկոսները նա չհամարեց իրենց ազդեցության արտահայտություն․ «Մյուս կողմից՝ խաղաղության, հաշտության այդ կոչը չդարձավ ամբողջ ժողովրդի գաղափարն, ու դրանում իրենց մեղքն ունեն բոլոր մնացած քաղաքական ուժերը, որ այդ ընտրարշավի ժամանակ ասում էին՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մեր բանակը ամենամարտունակն է, ի՞նչ պարտվողական տրամադրություններ եք սերմանում»։

GALLUP International-ի վերջին հարցման վերաբերյալ, որտեղ ՀԱԿ-ը ձայները քիչ տոկոս էր հավաքել, Զուրաբյանն ասաց, որ դա հոգեբանական ազդեցության միջոց է․ «Այդ նույն գելափները ստեղծվել են ռեսուրսային քաղաքական ուժերի կողմից՝ իրենց շահերը սպասարկելու համար»։

Աննա Գրիգորյանը նշեց, որ շատերն ասում են՝ թեև համակրում են ՀԱԿ-ին ու գաղափարները, սակայն վախենում են, որ իրենք քիչ են ու ձայները կփոշիանան․ «Այդ տարատեսակ գելափների շնորհիվ է այդ մտայնությունը ձևավորվում հասարակության մեջ ու կոնկրետ ուղղորդված է՝ ցույց տալու, որ քիչ են ողջախոհություն ընտրող մարդիկ»։

Հետընտրական բախումների մասին հարցին Զուրաբյանը նշեց, որ երկու բանակ՝ Քոչարյանի և Փաշինյանի, գնում են բախման։ Եվ մարդիկ, որ քվեարկում են Նիկոլ Փաշինյանի կամ Ռոբերտ Քոչարյանի օգտին, քվեարկում են քաղաքացիական պատերազմի օգտին։