Բացել լրահոսը Փակել լրահոսը
ագն
A A
Պաշտոնական

Ինչու մերժեցին «Պատիվ ունեմ» -ին․ ԱԳՆ պարզաբանումը

«Պատիվ ունեմ» դաշինքի կողմից տարածված հայտարարության առնչությամբ ԱԳՆ-ը հաղորդագրություն է տարածել
 
Հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության աշխատանքային համարներից մեկին է զանգահարել քաղաքացի և ներկայացել որպես «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ՝ խնդրելով իրեն տրամադրել 2021թ․ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների ցանկը։
 
Դիմողին անմիջապես տրամադրվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջի համապատասխան հղումը, ինչպես նաև այնտեղից ներբեռնված ցանկը՝ PDF ձևաչափով։
 
Երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում նույն անձը խնդրել է իրեն տրամադրել հավատարմագրված օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների կոնտակտային տվյալները, ինչին ի պատասխան տեղեկացվել է, որ ՀՀ ԱԳՆ աջակցել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ օտարերկրյա լրատվամիջոցների հավատարմագրման հարցում, և տեղեկատվության տնօրինման իրավունքը պատկանում է ԿԸՀ-ին․ ուստի անհրաժեշտ է դիմել նշված կառույցին։ Քանի որ ԱԳՆ-ն չունի հավատարմագրված լրագրողների կողմից ներկայացված կոնտակտային տվյալները տնօրինելու իրավունք և ազատ տնօրինելու վերաբերյալ նշված լրագրողների համաձայնությունը, ապա դրանց տրամադրումը ԱԳՆ կողմից խախտում է վերջիններիս անձնական տվյալների գաղտնիությունը։
Այն պնդումները, որ արտաքին գործերի նախարարության գործողությունները միտված են նախընտրական քարոզչության շրջանում օտարերկրյա լրատվամիջոցների հետ հաղորդակցությունն արհեստականորեն խոչընդոտելուն, հիմնազուրկ են։