Բուլղարիան ազատ արձակեց ծանրորդներին
Բուլղարիայի ծանրամարտի ֆեդերացիան վերջնականապես ազատ կարգավիճակ է շնորհել իր ենթակայության տակ գտնվող 4 ծանրորդների, որոնք արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիայի հետ` այդ երկրի հավաքականից հանդես գալու կապակցությամբ:
Նրանցից երկուսը` Ռումյանա Պետկովան եւ Սիլվիա Անգելովան, այժմ պատրաստվում են աշխարհի առաջիկա առաջնությանը, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-30-ը, Անթալիայում: Ինչ վերաբերում է Վելիչկո Չոլակովին ու Իվան Ստոիցովին, ապա նրանք խթանիչներ օգտագործելու համար առայժմ որակազրկված են եւ չեն կարող մրցահարթակ մտնել: Սակայն Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան, այնուամենայնիվ, մեծ հույսեր է կապում բուլղարացի փորձառու ծանրորդների հետ, որոնք գալիք տարվանից արդեն կարող են մասնակցել 2012 թ օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին: