Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշակերտն ընդդեմ ուսուցչի

Սպորտ
54551a3e67a9208a6fb1b46eec9b75a4

Մոտ 4 ամիս առաջ արգենտինացի հարձակվող Դիեգո Միլիտոյի խփած երկու գոլերը հաղթանակ շնորհեցին Միլանի «Ինտերին» չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում, եւ իտալական ակումբը 45 տարի ընդմիջումից հետո կրկին տիրեց այդ մրցանակին:

Այսօր 8 հանդիպումներով արդեն կմեկնարկի չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի խմբային մրցաշարը, որին կմասնակցեն Եվրոպայի ակումբային ֆուտբոլի հերթական 32 ընտրյալները: Այդ թիմերից 6-ն առաջին անգամ են փորձելու ուժերը աշխարհի ամենաուժեղ ակումբային մրցաշարում:

Մասնավորապես, այսօր հոլանդական «Տվենտեն» իր առաջին խաղում հյուրընկալելու է հենց գործող գավաթակիր Միլանի «Ինտերին», իսկ Թուրքիայի «Բուրսասպորը» սեփական դաշտում քննություն է հանձնելու այս մրցաշարում մեծ փորձ ունեցող իսպանական «Վալենսիային»: Անգլիական «Տոտենհեմին» սպասվում է ջերմ հյուրընկալություն «բրեմենյան երաժիշտների», այսինքն, «Վերդերի» ֆուտբոլիստների կողմից:

Մյուս 3 նորեկներն են Թել Ավիվի «Հապոելը», պորտուգալական «Բրագան» եւ Սլովակիայի «Ժիլինան»:

Այսօր կայանալիք հանդիպումներից առավել սկզբունքային նշանակություն ունի «Մանչեսթր Յունայթեդ» - «Գլազգո Ռեյնջերս» մրցավեճը: Պատճառը ոչ միայն այն է, որ միմյանց հետ հանդիպում են նույն թագավորության մեջ մտնող պետությունների ակումբները, այլեւ այն, որ շոտլանդական թիմի գլխավոր մարզիչ Ուոլտեր Սմիթը ժամանակին եղել է մանչեսթերցիների գլխավոր Ալեքս Ֆերգյուսոնի օգնականը, ասել է թե` աշակերտը:

Այնուամենայնիվ, բոլորից հետաքրքիր մրցապայքար սպասվում է 7-րդ խմբում, որտեղ հանդես են գալիս «Միլանը», Մադրիդի «Ռեալը», «Այաքսը» եւ «Օսերը»: Առաջին երեքը նախկինում միասին 20 անգամ տիրել են չեմպիոնների գավաթին, իսկ 33 անգամ հանդես եկել եզրափակիչում: Նման տիտղոսակիր խումբ դեռեւս չէր հանդիպել չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում:

14 սեպտեմբերի
«Տվենտե» - «Ինտեր»
«Վերդեր» - «Տոտենհեմ»
«Լիոն» - «Շալկե-04»
«Բենֆիկա» - «Հապոել»
«Մանչեսթր Յունայթեդ» - «Գլազգո Ռեյնջերս»
«Բուրսասպոր» - «Վալենսիա»
«Բարսելոնա» - «Պանաթինաիկոս»
«Կոպենհագեն» - «Ռուբին»