«Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի կուսակցությունը բացառում է ՔՊ-ի հետ համագործակցությունը
Աջակցիր «Ա1+»-ինՔարոզարշավի առաջին օրվանից «Հայոց Հայրենիք» կուսակցությունը մարզերում է եղել, սակայն առանց միջադեպերի քարոզչությունը չի անցել։ Շիրակի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտից անհայտ անձինք մոտեցել և փորձել են խոչընդոտել նրանց աշխատանքը։ «Ա1+»-ի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության ղեկավար Անահիտ Եղոյանը, որը ցուցակում երկրորդն է։
Նա նշեց նաև, որ այդ գործով երեք քրեական գործ են հարուցել։
Սակայն դա խոչընդոտումների միակ դեպքը չէր և ինչպես ներկայացրեց կուսակցության ղեկավարը, Սյունիքի մարզում, երբ իրենք իրազեկել են իրենց կուսակցության մասին, մի քանի մեքենաներ բարձր ազդանշաններով փորձել են խլեցնել իրենց ձայնը։
«Գնում ենք մարզեր, կանգնում ենք գյուղերում, զրուցում ենք, բուկլետներ ենք բաժանում մարդկանց, նրանք իրենց առաջարկություններն են անում։ Այս պահին մեր երիտասարդներն իրազեկում են Գեղարքունիքի մարզում և Երևանում», - ասաց Անահիտ Եղոյանը։
Ինչպես շատերը, «Հայոց Հայրենիք» կուսակցությունը նույնպես կարծում է, որ այս քարոզարշավի մթնոլորտը բավականին լարված է․ «Երեք տարի ՀՀ-ում քաղաքացիներին բաժանել են սևերի և սպիտակների ու ըստ դրա՝ բոլորն էլ հասկանում են, որ քարոզարշավն ընթանում է ոչ նորմալ ֆորմատով։ Ինչպես ասացի, մեզ խոչընդոտում են, այսինքն մեզ բաժանել են սևերի, ոմանք իրենց համարում են սպիտակ»։
Եթե ևս երկու օր շարունակվի այս ագրեսիվ մթնոլորտը, Անահիտ Եղոյանի խոսքով, հետընտրական գործընթացները շատ ցավալի կլինեն Հայաստանի համար և բախումներն էլ անխուսափելի կլինեն։
Հետագայում այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության վերաբերյալ նա նշեց, որ միանշանակ բացառում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը, իսկ մնացած ուժերի հետ համագործակցության հարցը կուսակցությանը դեռևս կքննարկի։
«Հանրային» հեռուստաընկերության կազմակերպած առաջին համարների բանավեճին «Հայոց Հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Գալստյանը միանշանակ կմասնակցի, նշեց Անահիտ Եղոյանը։
««Հայոց Հայրենիք» կուսակցության նախընտրական ծրագիրը գրված չէ քաղաքացու ականջը շոյելու և սուտ խոստումների համար։ Մեր ծրագրերը իրատեսական են և ունեն իրենց ճանապարհային քարտեզը և վերաբերում են սոցիալ-տնտեսական բարեփոխումներին, դատաիրավական բարեփոխումներին, ֆինանսական համակարգին, ուժային կառույցների համակարգին, կրթական և առողջապահական ոլորտներին։ Այսինքն, ունենք հստակ բարեփոխումների փաթեթ, որ իշխանության գալու պարագայում պատրաստվում ենք իրականացնել շատ կարճ ժամանակահատվածում», - ասաց Անահիտ Եղոյանը։
Ի դեպ, ռազմական ոստիկանության նախկին աշխատակից՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը «Հայոց Հայրենիք» կուսակցության արտասահմանյան կառույցների գլխավոր հանձնակատարն է։ Ինչպես նշեց Անահիտ Եղոյանը, նա ընտրություններին մասնակցելու իրավունք չուներ, քանի որ վերջին 4 տարում մշտապես Հայաստանում չէր բնակվել։