Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro 3 or
A A
Սպորտ

Եվրո-2020, 3-րդ օր. լուրջ փորձություն Անգլիայի և մրցաշարի նորեկ Հս. Մակեդոնիայի համար

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության մրցումային 3-րդ օրը իրենց հանդիպումները կանցկացնեն C և D խմբում ընդգրկված թիմերը:

 

Նախ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում իրար հետ կհանդիպեն Անգլիայի և Խորվաթիայի հավաքականները: 2018թ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում խորվաթները լրացուցիչ ժամանակում հաղթել են հենց անգլիացիներին և դրա շնորհիվ առաջին անգամ դարձել աշխարհի փոխչեմպիոն: Անգլիացիները վաղուց մրցանակ չեն նվաճել խոշոր մրցաշարերում:

 

Նախկինում կողմերն ընդհանուր առմամբ հանդիպել են 9 անգամ: Հինգ խաղում հաղթել են անգլիացիները, 3-ում` խորվաթները: Միակ ոչ-ոքին գրանցվել է 2019 թվականին, Ազգերի լիգայի խաղում` 0:0: 

 

Անգլիայի հավաքականը բավական հաջող է հանդես գալիս 2021 թվականին և արդեն անցկացրած 5 խաղերում տարել է 5 հաղթանակ: Խորվաթիայի հավաքականը այս տարի արդեն երկու պարտություն է կրել, մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի (Հայաստանի հետ` 1:1), և միայն Կիպրոսին ու Մալթային է կարողացել հաղթել սեփական դաշտում:

 

Օրավ երկրորդ խաղում Ավստրիայի հավաքականը Բուխարեստում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: Սա երկու թիմերի թվով 3-րդ հանդիպումն է: Նախորդ երկուսում հաղթել են ավստրիացիները` 2:1, 4:1:

 

2021թ ավելի հաջող հանդես են եկել հյուսիսմակեդոնացիները, որոնք անցկացրած 6 խաղում տարել են 4 հաղթանակ, այդ թվում Գերմանիայի ընտրանու նկատմամբ: Նրանք պարտվել են միայն Ռումինիային, հենց Բուխարեստում:

 

Ավստրիայի հավաքականն այս տարի հանդիպել է 5 մրցակիցների հետ: Ավստրիացիները երկու խաղում պարտվել են, երկուսում` ոչ-ոքի արել, և միայն Ֆարերյան կղզիների թիմին են հաղթել սեփական դաշտում:

 

Մրցումային օրը կավարտվի Ամստերդամում նշանակված Նիդերլանդներ – Ուկրաինա խաղով: թիմերն առաջին անգամ են հանդիպում պաշտոնական մրցաշարում: Նախկինում անցկացրած երկու ընկերական խաղերում Նիդեռլանդների հավաքականը նախ իր հարկի տակ հաղթել է 3:0 հաշվով, ապա գոլազուրկ ոչ-ոքի խաղացել մրցակցի հարկի տակ:

 

Ընթացիկ տարում նիդեռլանդցի ֆուտբոլիստներն անցկացրել են 5 խաղ, որոնցից երեքում հաղթանակ են տարել, մեկում պարտվել են, իսկ մեկնա ավարտել են ոչ-ոքի: Այդ խաղերում նրանք ընդհանուր առմամբ խփել են 16 գոլ:

 

Ուկրաինայի հավաքականն 2021 թվականի աչքի է ընկել խաղաղասիրությամբ, և անցկացրած 6 հանդիպումներից 4-ն ավարտել է ոչ-ոքի, բայց ահա վերջին երկու ընկերական խաղերում հաղթանակ է տարել:

 

Այսօրվա հանդիպումները դարձյալ տեղի կունենան նույն ժամերին, Երեևանի ժամանակով 17:00-ին, 20:00-ին և 23:00-ին: