Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro 2 or
A A
Սպորտ

Եվրո-2020, 2-րդ օր. Սկանդինավյան դերբի, սկզբունքային նոր հակամարտություն

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության մրցումային 2-րդ օրը նախատեսված է երեք հանդիպում: Առաջին խաղում Ուելսի հավաքականը Բաքվում ուժերը կչափի Շվեյցարիայի ընտրանու հետ:

Ուելսցիները երկրորդ անգամ են մասնակցում Եվրոպայի առաջնությանը: 2016 թվականին նրանք հասել են մինչև կիսաեզրափակիչ, և միայն այդ փուլում են պարտվել ապագա չեմպիոն Պորտուգալիային: Շվեյցարիան 5-րդ անգամ է մտել եզրափակիչ փուլ: Լավագույն արդյունք ցույց է տվել Եվրո-2016-ում` հասնելով 1/8 եզրափակիչ:

Մրցակիցները նախկինում իրար հետ հանդիպել են 7 անգամ: Հինգ խաղում հաղթել են շվեյցարացիները, երկուսում` ուելսցիները: Վեջին երկու խաղերում կողմերը միևնույն 2:0 հաշվով հաղթանակներ են տարել:

Ուելսի ընտրանին այս տարի անցկացրած 5 խաղում տարել է երկու հաղթանակ, կրել երկու պարտություն, իսկ ահա Շվեյցարիայի հավաքականն 5 խաղում տոնել է նույնքան հաղթանակ:

Օրվա երկրորդ խաղում Դանիայի ազգային թիմը Կոպենհագենում կընդունի Ֆինլանդիայի ազգային թիմին:

Դանիացիները 10-րդ անգամ են հանդես գալիս Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, իսկ ֆինները` առաջին: Կողմերը վերջին անգամ հանդիպել են 2011 թվականին: Ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել է Դանիայի ընտրանին:

Դանիացիները սեփական դաշտում ֆիններին հյուրընկալում են 28-րդ անգամ: Նախկին 27 խաղերից 22-ում հաղթել են տանտերերը, ընդ որում Ֆինլանդիան արքայազն Համլետի երկրում վերջին անգամ հաջողության հասել է հեռավոր 1949 թվականին:

Դանիայի ընտրանին այս տարի անցկացրած 5 խաղում տոնել է 4 հաղթանակ, և միայն Գերմանիայի հետ է ոչ-ոքի խաղացել` 1:1: Ֆինլանդիան, հակառակը, ընթացիկ տարում ոչ մի հաղթանակ չի տարել, իսկ վերջին երեք խաղերում պարտություն է կրել:

Մրցումային երրորդ օրը կավարտվի Բելգիա – Ռուսաստան սկզբունքային խաղով: Երկու թիմերը ընդգրկված էին ընտրական նույն խմբում: 2019 թվականին կայացած երկու խաղերում էլ հաղթել են բելգիացիները` 4:1, 3:1:

2021 թվականին անցկացրած 5 խաղում Բելգիայի ընտրանին տարել է երեք հաղթանակ, իսկ երկու հանդիպում ավարտել է ոչ-ոքի: Ռուսաստանի հավաքականը հավասարատիպ խաղերում նույնպես տոնել է երեք հաղթանակ, սակայն մեկ պարտություն է կրել Սլովակիայից:

Բելգիայի ընտրանին ամենաարդյունավետ թիմն է եղել Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում. Կայացած 10 խաղում բելգիացիները խփել են 40 գոլ` բաց թողնելով ընդամենը 3 գնդակ: Բելգիայի հավաքականը համարվում է Եվրո-2020-ի ֆավորիտներից մեկը: