Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiada
A A
Սպորտ

Էլմիրա Կարապետյանը կմասնակցի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին

Հրաձգության միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է հայաստանցի մարզուհի Էլմիրա Կարապետյանի մասնակցությունը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Նա ուղեգիրը նվաճել է  Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Երևանցի մարզուհին ատրճանակի 10 մ մրցաշարում 60 կրակոցով վաստակել է  575 միավոր, սահմանել անձնական ու Հայաստանի նոր ռեկորդ և գրավել պատվավոր հինգերորդ տեղը:

Հունիսի 11–ի դրությամբ Հայաստանի օլիմպիականների հաստատված կազմը հետևյալ տեսքն ունի. հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյան (60 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյան (57 կգ), Վազգեն  Թևանյան (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյան (52 կգ), Արման  Դարչինյան (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյան և հրաձգուհի Էլմիրա Կարապետյան:

Օլիմպիական նորման լրացրել է նաև եռացատկորդ Լևոն Աղասյանը, սակայն նրա մասնակցությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել: