Ադրբեջանցին հեռացվեց հավաքականից
Ադրբեջանցի գրոսմայստեր Վուղար Հաշիմովը հեռացվել է իր երկրի հավաքականի կազմից, որը պատրաստվում է շախմատի օլիմպիադային: Նա մեղադրվում է «անվայել պահվածքի», իսկ ավելի կոնկրետ, հայ շախմատիստների հետ շփվելու համար:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Վուգար Հաշիմովը հրաժարվել է հանդես գալ ադրբեջանական ակումբի կազմում, սակայն իբր ընդունել է հայազգի շախմատիստ Գարի Կասպարովի հրավերը` նրա անվանումը կրող թիմում խաղալու համար:
Պարզաբանելով ստեղծված իրավիճակը, Վուղար Հաշիմովը հայտարարել է, որ նախ «Կասպարով-Մարկոտ» ակումբը, որը ստսղծվել է 1991 թվականին, այժմ պատկանում է իսպանացի գործարարին, այլ ոչ թե Կասպարովին, երկրորդ, եթե Ադրբեջանի շախմատի ֆեդերացիան ցանկանում է պարզել, թե ադրբեջանցի շախմատիստներից ովքեր կապեր ունեն հայ շախմատիստների հետ, ապա առաջին հերթին պետք է զբաղվի Թեյմուր Ռաջաբովի գործով:
«Ես երբեք նույն թիմի կազմում չեմ խաղացել հայ շախմատիստների հետ, առավել եւս հանդես չեմ եկել հայկական ակումբի կազմում: Բայց, օրինակ, մեր շախմատիստներից մի քանիսը ժամանակին եղել են հայ շախմատիստների թիմակիցը: Օրինակ, Թեյմուր Ռաջաբովը նույն թիմի կազմում խաղացել է Վլադիմիր Հակոբյանի հետ», - ասել է Վուղար Հաշիմովը: