Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+naxarar 1
A A
Սպորտ

Կարեն Գիլոյանը սամբոյի գորգ և ծանրաձողեր է խոստացել գյումրեցիներին

Անցած շաբաթվա վերջին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Ինչպես տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը, նա այցելել է Մարալիկ, Արթիկ, Գյումրի, ծանոթացել մարզադպրոցների վիճակին, հանդիպել ոլորտի ներկայացուցիչների հետ: Խոսելով ոլորտային խնդիրների մասին, ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ դրանք տարբեր են՝ սկսած շենքային պայմաններից, մինչև մասնագիտական գույքի պակաս: Ըստ Գիլոյանի՝ ոչ միայն Շիրակի մարզում, այլև ամբողջ հանրապետությունում մարզադպրոցների գրեթե 90 տոկոսն ունի քայքայված հատակների խնդիր:

a1+naxarar 2.jpg (50 KB)

Հաջորդ խնդիրը, ըստ նախարարի տեղակալի, խաղային մարզաձևերի մարզադահլիճներին է վերաբերում. «Պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքում գոնե մեկ՝ 400-500 հանդիսականի համար նախատեսված խաղային համալիր դահլիճ ունենանք». – ասել է նա:

Գյումրիում շրջայցի ընթացքում Կարեն Գիլոյանը ծանոթացել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին: Հաջորդ կանգառը Գյումրիի համալիր մարզադպրոցն էր, որի սաները սեպտեմբերին կտեղափոխվեն նոր՝ ավելի բարեկարգ պայմաններով շինություն: Որոշվել է դպրոցին տրամադրել թիվ 41 դպրոցի մասնաշենքը:

Այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ նախարարությունն առաջիկայում գույքի ու հանդերձանքի առումով կփորձի աջակցել մարզադպրոցներին՝ ըստ անհրաժեշտության և առաջնահերթության: Հաջորդ տարվա ընթացքում միջնաժամկետ գույքային ծրագրի շրջանակում նախատեսվում է նոր գույք ձեռք բերել` մոտ 500 միլիոն դրամի չափով:

Կարեն Գիլոյանը խոստացել է Գյումրու սամբոյի և ձյուդոյի մարզադպրոցին նոր գորգ տրամադրել, իսկ ծանրամարտի մարզադպրոցին՝ ծանրաձողեր՝ ծանրաքարերով: