«ԼՂՀ-ն կտնօրինի իր ճակատագիրը»
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգում «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի նախագծի ընդգրկումը ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը չի համարում ՀՀ արտաքին քաղաքականության թերացում: «Ա1+»-ի հետ զրույցում պարոն Զաքարյանը նշեց, որ այդ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում պետք է ամեն ինչ անել, որ Ադրբեջանը արտաքին քաղաքականություն չվարի:
- Այդ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գործունեություններից մեկն է, որը կոչվում է հակահայկական քարոզչություն, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ ապատեղեկատվություն, միջազգային հանրության ուշադրության շեղում խնդրի կարգավորման բուն խնդիրներից:
- Ձեր կարծիքով, ՄԱԿ-ում մենք բավարա՞ր աշխատանք են տանում ԼՂ հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ այլ հարցերում:
- Ոչ միայն ՄԱԿ-ում, այլ նաեւ միջպետական եւ բազմակողմ հարաբերություններում մենք աշխատում ենք ավելի ակտիվ, նպատակային եւ արդյունավետ: Դրա շնորհիվ ավելի հստակ է դարձել ԼՂ հարցում հայկական դիրքորոշումը:
- ԼՂ հարցում ո՞րն է մեր դիրքորոշումը` ԼՂՀ-ի անկախության միջազգային ճանաչո՞ւմ, թե՞ ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի միացում:
- Մենք ուզում ենք, որ իրացվի ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքը եւ ԼՂՀ-ն միջազգային հանրության կողմից ճանաչվի որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Դրանից հետո ԼՂՀ-ն կտնօրինի իր ճակատագիրը:
- Ձեր կուսակից Ռաֆիկ Պետրոսյանը օրերս հայտարարեց, թե ԼՂ հակամարտության հիմքում կրոնական տարրեր կան, եւ այդ հաշվի է առնելով է Ադրբեջանը նախագիծ ներկայացրել ՄԱԿ-ում` ակնկալելով ՄԱԿ-ի անդամ մուսուլմանական երկրների աջակցությունը: Դուք էլ ե՞ք այդպես կարծում:
- ՄԱԿ-ի անդամ 190-ից ավելի երկրների հասկանում են, որ յուրաքանչյուր հարց կարող է շահարկվել: Սուբյեկտիվ է այն երկրների դիրքորոշումը, թե նրանք կրոնական հողի վրա են աջակցում Ադրբեջանին: Դա չի նշանակում, որ դրանով մեր հնարավորությունները սահմանափակվում են: Բացի կրոնական հարաբերություններից բազմաթիվ այլ կարեւոր հարցեր կան միջպետական հարաբերությունների օրակարգերում: ԼՂ հակամարտության հիմքում իրավական հարթության խնդիրներ են, առաջին հերթին` մարդու իրավունքների ոտնահարումներ: Այսօր մենք հստակ պետք է կարողանանք փաստել, որ ԼՂՀ-ում բնակվող 200 հազար մարդկանց ամենատարրական իրավունքները պետք է վերականգնել:
- Ձեր կարծիքով, ՄԱԿ-ի օրակարգում հայտնված «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի նախագիծը կհասնի՞ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ:
- Միշտ չէ, որ Ադրբեջանի ցանկություններն ու կարողությունները կարող են համընկնել:
- «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը վերջերս հայտարարեց, թե 1993թ. ՀՀ-ի դեմ ՄԱԿ-ում ընդունված բանաձեւերի չկատարումից հետո, ՄԱԿ-ում ՀՀ-ին այլեւս չեն ընդունում իբրեւ լուրջ գործընկեր: Խոսքն այն բանաձևերի մասին է, որտեղ նշված է, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ԼՂ-ից եւ նրա հարակից տարածքներից:
- Ես այդպես չեմ կարծում: Փաստերն ու իրողություններն ապացուցում են, որ ՀՀ-ին շատ լուրջ են վերաբերում: Կան մեկը մյուսին հաջորդող ՄԱԿ-ի 4 բանաձեւերը, որոնք ընդունվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական իրավիճակում եւ դրանց գլխավոր նպատակը հրադադար սահմանելն էր: Ադրբեջանը թքած ուներ այդ 4 բանաձեւերի վրա, իսկ Հայաստանը բազմիցս է իր համաձայնությունը հայտնել հրադադար հայտարարելու համար: Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նաեւ այդ բանաձեւերի այլ դրույթներ: Կա մի հստակ իրողություն, որ ԼՂՀ զինված ուժերը որեւէ երաշխիք չունեն, նույն միջազգային հանրության կողմից, որ կարողանան կատարել ՄԱԿ-ի խորհրդատվական բանաձեւերի պահանջները եւ զինված ուժերը դուրս բերեն այդ տարածքներից: Շատ տրամաբանական է, որ ԼՂՀ-ն այսօր ավելի կարեւորում է իր անվտանգությունը, քան ՄԱԿ-ի բանաձեւերի կատարումը:
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին այցելել են տարածաշրջան: Այս այցը նախորդներից ինչո՞վ է տարբերվում:
- ԼՂ հիմնախնդրի կարգավորման ամբողջ գործընթացում միջնորդական ջանքերը շարունակական աշխատանք է` հիմնված նախորդ այցերի եւ հայտարարությունների վրա` կողմերի դիրքորոշումներն ավելի մոտեցնելու համար:
- Ի՞նչ եք կարծում համանախագահները ծանոթ են ԼՂՀ շարքային քաղաքացիների տեսակետներին:
- Համոզված եմ, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այդ հանդիպումներում ներկայացնում է նաեւ ԼՂՀ բնակչության տեսակետը: ԼՂ հիմնախնդիրն այն բացառիկ հարցերից է, որի վերաբերյալ եւ ՀՀ-ում, ԼՂՀ-ում, եւ ողջ Սփյուռքում համակարծիք են:
- Առաջիկա ԱԺ նիստում «Ժառանգությունը» կրկին պատրաստվում է նախագիծ ներկայացնել ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու համար: Ձեր կուսակիցներից ոմանք արդեն բացասական վերաբերմունք են հայտնել: Դուք ի՞նչ կասեք:
- ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացը յուրաքանչյուր հայի երազանքն է, սակայն դրան հասնելու համար միշտ չէ, որ շտապողականությունն արդարացված է: Այս պահին գոյություն ունեցող հարաբերությունների ընթացքը չեն ենթադրում, որ ՀՀ-ն պետք է վաղաժամկետ ճանաչի ԼՂՀ- ի անկախությունը:
Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը