Միգուցե Փաշինյանը փորձում է համաձայնությունների հասել Ադրբեջանի հետ, որը ԱԳ նախարարի սրտով չէր․ քաղաքագետ
Աջակցիր «Ա1+»-ինԱնվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջարկի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։
-Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի պաշտոնական առաջարկը՝ ուղղված միջազգային հանրությանը, նաև Ադրբեջանի կառավարությանը, Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ։
-Կարծում եմ՝ նորմալ առաջարկություն է, քանի որ կա սահմանային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Որպեսզի այն չվերածվի բախումների կամ պատերազմի, դրա լուծման լավագույն միջոցը այնտեղ դիտորդներ տեղակայելն է, որից հետո կողմերը աշխատանքներ կկատարեն սահմանային կետերի որոշման ուղղությամբ։
-Ի՞նչ արձագանք սպասել Ռուսաստանից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներից։
-Ռուսաստանը միգուցե հռետորաբանությամբ դեմ չլինի, բայց միջազգային դիտորդների մուտքը հայ-ադրբեջանական սահման հաստատ խանդով կընդունի։ Բայց այս պահին առաջնահերթը Ադրբեջանի դիրքորոշումն է՝ եթե Ադրբեջանը համաձայնեց այդ առաջարկին, ապա Հայաստանն ու Ադրբեջանը ԵԱՀԿ-ի օգնությամբ կարող են շատ հանգիստ այդ հարցը լուծել։ Միջազգային հանրությունը, կարծում եմ, կողջունի։
-Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանը իրո՞ք սահմանների ճշգրտման խնդիր ունի՞ և կհամաձայնի՞ այս առաջարկին։
-Իրենք ավելի շատ փորձում են խնդիրներ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանին, որպեսզի նոր բաներ կորզեն Նիկոլ Փաշինյանից, բայցի այդ՝ լարվածություն են ուզում ստեղծել, հավանաբար՝ Ալիևը փորձում է հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ ստորագրի խաղաղության պայմանագիր և ճանաչի այդ երկրի տարածքային ամբողջականությունը։ Բայց եթե Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի՝ դիտորդներ տեղակայելու առաջարկին էլ չհամաձայնի, սա մեզ լրիվ լեգիտիմ իրավունք է տալիս ռազմական ճանապարհով լուծել այս խնդիրը։
-Խնդրում եմ անդրադառանք նաև Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականին ԱԽ նիստից հետո։ Ըստ ձեզ՝ ինչո՞վ է սա պայմանավորված։
-Դժվար է կոնկրետ պատճառ ասել, որովհետև նախանշաններ չկային, բայց ակնհայտ է, որ իշխանության մեջ էլ կան սուր տարաձայնություններ։ Ստեղծված իրավիճակը այդքան էլ բարվոք չէ մեզ համար և հենց դրանով է պայմանավորված ԱԳ նախարարի հրաժարականը։ Միգուցե Նիկոլ Փաշինյանը փորձում է ինչ-որ համաձայնությունների հասել Ադրբեջանի հետ, որը նախարարի սրտով չէր․ տարբեր կարող են լինել պատճառները։
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ դիտորդների տեղակայման առաջարկը ԱԳ նախարարի սրտով չէ։
-Այդպես չեմ կարծում, որովհետև այնպես չէ, որ երկարաժակետ դիտորդներ են զինված կամ այլ ձևով։ Նրանք պարզապես պետք է հսկեն հրադադարի ռեժիմը, մինչև որ այդ սահմանային կետերի որոշման հարցը լուծվի։ Սա ոչ Հայաստանի ինքնիշխանության խախտում է, ոչ էլ սրանով մենք մեր անկախությունն ենք կորցնում։ Սա այն հարցը չէր, որը կարող է բերել ԱԳ նախարարի հրաժարականին, այստեղ ավելի խորքային պատճառներ կան։