Բացել լրահոսը Փակել լրահոսը
12-13
A A
Պաշտոնական

ԱՀ ԱԺ-ի 3 խմբակցությունները պահանջում են ԱՀ նախագահի հրաժարականը

ԱՀ ԱԺ-ի «Արդարություն», ՀՅԴ և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները հայտարարություն են տարածել։ Հայտարարությունը՝ ստորև
 
Սիրելի՛ հայրենակիցներ
 
2020թ. մայիսյան այս օրերին Արցախի Հանրապետությունում Սահմանադրությամբ նախատեսված կարգով լիազորությունները ստանձնեցին նույն թվականի մարտի 31-ի և ապրիլի 14-ի ընտրությունների արդյունքում ընտրված նոր իշխանությունները՝ ԱՀ նախագահը և յոթերորդ գումարման Ազգային ժողովը:
 
Մի կողմ թողնելով 2020թ. համապետական ընտրությունների կազմակերպման, նախընտրական պայքարի և ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեր քաղաքական գնահատականները՝ պետք է ընդունենք, որ անցած տարին առանձնացավ բազմաթիվ փորձություններով և աղետալի զարգացումներով, որոնց կիզակետը դարձավ 2020թ. աշնանը մեզ պարտադրված պատերազմը:
 
Անցած տարվա ընթացքում մենք բախվեցինք պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի բազմաշերտ ազդեցությանը. հազարավոր նահատակների, վիրավորների, հարյուրավոր անհետ կորածների, գերիների և պատանդների առկայության փաստին, Արցախի Հանրապետության մեծ մասի կորստին, տասնյակ հազարավոր գաղթականների և ազգային հարստության մի ստվար հատվածի կորստին, ահա այն, ինչ ունենք 2020 թվականի համապետական ընտրություններից և նախագահի պաշտոնավորումից մեկ տարի անց:
 
Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը կանգնեց քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական ու ժողովրդագրական մարտահրավերների առջև, որոնց շուտափույթ և արդյունավետ լուծումից է կախված Արցախի Հանրապետության լինելիությունն ու ապագան:
 
Պատերազմից անմիջապես հետո ԱՀ Ազգային ժողովի չորս խմբակցություններով հանդես գալով իրավիճակի գնահատմամբ՝ առաջարկել ենք Հայաստանի ու Արցախի փաստացի ղեկավարներին հրաժարական տալ՝ ճանապարհ բացելով հայկական երկու հանրապետություններում կենսական պահանջ դարձած փոփոխությունների և ճգնաժամային կառավարման համար:
 
Հաշվի առնելով Արցախի Հանրապետության սահմանադրական կարգավորումները՝ մենք այն ժամանակ չպնդեցինք Արցախի նախագահի անհապաղ հրաժարականի պահանջը և, ավելին, մեր պատրաստակամությունը հայտնեցինք քաղաքական խորհրդատվությունների միջոցով համախոհության միջավայր ձևավորելուն:Հույսեր կային, որ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը ճիշտ կընկալի ստեղծված կացությունը:
 
Նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին նրա կողմից հրապարակված ուղերձը պարունակում էր երկրի ապագայի և պետական կառավարման համակարգը բարեփոխելու հետ կապված մեր առաջարկած դրույթները: Սակայն, հետագա գործընթացները ցույց տվեցին, որ Արայիկ Հարությունյանը շահագրգռված չէ պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջնորդվում է ՀՀ հեղինակազրկված իշխանությունների ցանկությունները բավարարելու մտադրությամբ:
 
2020թ. նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ եռակողմ հայտարարությունից հետո, անցած վեց ամիսների ընթացքում ԱՀ նախագահի գլխավորած կառավարությունը և խորհրդարանում մեկ ընդ մերթ ստեղծվող ու քանդվող, խմբակային նեղ շահերից դրդված անհամադրելի քաղաքական կոալիցիաները որևէ համարժեք բացատրություն և առաջարկ չեն ներկայացրել մեզ պատուհասած աղետի և դրանից դուրս գալու մշակված ծրագրերի մասին:
 
Դրան հակառակ՝ ԱՀ նախագահը և իր ձևավորած իշխանական ուռճացված թիմը հանրության համար անհասկանալի քարոզչական արշավ ծավալեց՝ աղետալի պատերազմում պարտության և ձախողումների մեղքը բարդելով նախկին իշխանությունների, բանակի, պահեստազորայինների ու կամավորականների, վերջին հաշվով՝ ժողովրդի վրա:
 
Արցախի այսօրվա իշխանություններն ամեն ինչով ձգտում են նմանվել ՀՀ գործող իշխանություններին, որոնք մշտապես ապացուցում են օրեցօր ահագնացող ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու իրենց անկարողությունն ու անընդունակությունը:
 
Սուտը, վիրավորանքը, զրպարտությունը, հանրության բաժանումը «յուրայինների» և «ոչ յուրայինների»՝ ահա այն միջավայրը, որը ստեղծվեց Արցախի Հանրապետության նախագահի և նրա ենթակայության տակ գործող իշխանավորների պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում:
 
Ելնելով այս իրողություններից՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները թարմացնում են 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ներկայացված Արցախի Նախագահի հրաժարականի պահանջը և կոչ են անում Արայիկ  Հարությունյանին, սթափ գնահատելով իրավիճակը, հավատարիմ մնալ հրաժարական տալու իր պատրաստակամությանը և ԱՀ Սահմանադրությամբ նախատեսվածկարգով հանդես գալ արտահերթ ընտրությունների գործընթաց սկսելու մասին հայտարարությամբ:
 
Միաժամանակ հաշվի առնելով Արցախի բնակչության շրջանում գերիշխող հանրային տրամադրությունները՝ պահանջում ենք Արցախի գործող նախագահից և իշխանություններից զերծ մնալ ՀՀ-ում կայանալիք արտահերթ ընտրություններին գործող իշխանություններին որևէ կերպ աջակցելու քայլերից և այդ նպատակով պետական ռեսուրսների օգտագործումից:
 
Ք.Ստեփանակերտ
20 մայիս, 2021թ.
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
 
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» խմբակցություն
 
«ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» խմբակցություն
 
«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» խմբակցություն