Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ադրբեջանը դիմելով սադրանքների վտանգում է Արցախի ժողովրդի կյանքն ու առողջությունը․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական կողմը, հերթական անգամ խախտելով հրադադարի մասին հայտարարությունը, մայիսի 17-ին կրակ է բացել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում ինժեներական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ, որի հետևանքով տեխնիկայի ապակիների ջարդվելու արդյունքում Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակիչը վնասվածքներ է ստացել։ Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
 
 
Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է, որ ադրբեջանական կողմը, անտեսելով քաղաքական ամենաբարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունը և միջազգային իրավական նորմերը, պարբերաբար դիմում է սադրանքների՝ վտանգի տակ դնելով Արցախի ժողովրդի կյանքն ու առողջությունը։ Միջադեպերը նպատակ ունեն խաթարելու տարբեր համայնքներում ժողովրդի բնականոն կյանքը և ուղղված են Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության դեմ։
 
Հաշվի առնելով Արցախի ներպետական կառուցակարգերի՝ ադրբեջանական կողմից նման միջադեպերի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհնարինությունը՝ Պաշտպանը կոչ է անում համապատասխան քայլեր նախաձեռնել միջադեպերի ուսումնասիրման և քննության եռակողմ ձևաչափ ձևավորելու և գրանցվող բոլոր դեպքերով պատշաճ քննություն իրականցնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել միջադեպերի հեղինակներին։