Իռլանդիան նոր կորուստներ է կրում
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Իռլանդիայի ընտրանին նոր կորուստներ կրեց սեպտեմբերի 3-ին Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական խաղից առաջ:
Երեկ անցկացրած առաջին մարզումից հետո պարզվեց, որ թիմին չեն կարող օգնել կիսապաշտպաններ Դամիեն Դաֆը («Ֆուլհեմ») եւ Կիտ Տրեյսին («Պրեստոն»): Վերջինիս բացակայությունն այնքան էլ չի անհանգստացնում իռլանդացիների գլխավոր մարզիչ Ջիովանի Տրապատոնիին, քանի որ նա հավաքականի նորեկներից է, իսկ ահա Դաֆը թիմի ամենափորձառու եւ առանցքային կիսապաշտպանն է:
Հարցականի տակ են գտնվում նաեւ Փոլ Մաքշեյնի եւ Այդեն Մաքգիդիի մասնակցությունը, որոնք լավ մարզավիճակում չեն գտնվում: Համենայնդեպս, ըստ իռլանդական լրատվամիջոցների, նրանք հնարավոր է չընդգրկվեն Երեւան մեկնող ֆուտբոլիստների ցուցակում:
Տրապատոնին մեկ օրով ազատ է արձակել հավաքականի գլխավոր դարպասապահ Շեյ Գիվենին եւ ավագ Ռոբի Քինին, որոնք այժմ զբաղված են տրանսֆերի հետ կապված խնդիրներով: Նրանք թիմին կմիանան սեպտեմբերի 1-ին:
Խոսելով երեւանյան մրցախաղի մասին` իտալացի մասնագետը նշել է, որ լրջորեն ուսումնասիրել է Հայաստանի հավաքականին, անգամ դիտելով 2008 թ Եվրոպայի առաջնության ընտրական խաղերի տեսագրությունները: «Հայերը շատ վստահ են խաղում սեփական հարկի տակ եւ կարող են խնդիրներ ստեղծել ցանկացած մրցակցի համար: Կաշխատենք չկրկնել աշխարհի 2010 թ առաջնության ընտրական փուլի սկզբում թույլ տված մեր սխալը, երբ հյուրընկալվելիս միավորներ կորցրեցինք Չեռնոգորիայի ընտրանու հետ խաղում (0:0)»:
Տրապատոնին հույս է հայտնել, որ առաջիկա երկու խաղերում իր թիմը կհասնի 100 տոկոսանոց արդյունքի: «Ես մտածում եմ, որ մենք ի վիճակի ենք լավ մեկնարկել Եվրո-2012-ի ընտրական փուլում», - եզրակացրել է 71-ամյա փորձառու մասնագետը: