Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Շուշիի նկատմամբ սերը պետք է համախմբող լինի․ ԱԺ-ում բացվեց ցուցահանդես (տեսանյութ)

Ազգային ժողովում այսօր բացվեց շուշեցի  ճարտարապետների գործունեությունը ներկայացնող նյութերի ցուցադրությունը: 

Առանցքում այն ստեղծագործություններն են, որոնց իրականացմամբ Բաքուն  գավառական քաղաքից վերածվել է Անդրկովկասի խոշոր վարչական եւ արդյունաբերական կենտրոնի:

Ցուցադրությունը նախաձեռնել էր անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, վերջինս իր ելույթում ընդգծեց՝ եռատոնը այս տարի ծանր էր․

«Շուշին մերը չէ, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք պայքարել, պիտի նայենք առաջ և շարունակենք մեր պայքարը հանուն այն տարածքների, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի կազմում և նրանց վերահսկողության տակ»։

Թովմասյանը նշեց՝ պետք է հզորանանք, որովհետև այլ տարբերակ չունենք։

Ելույթ ունեցավ նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, վերջինս նշեց, որ այս ցուցադրությունը լավ առիթ է ցույց տալու, թե 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Բաքվի հայ համայնքը ինչպիսի դերակատարում է ունեցել ոչ միայն քաղաքի մշակությային և զարգացման կյանքում, այլ նաև քաղաքաշինության ոլորտում․

«Հայերը որտեղից էլ որ ծագել են, այդ թվում՝ Շուշիի հայերը, եղել են առաջադեմ հայացքների տեր, եղել  են  հայկական մշակույթը տարածող և հայկական մշակույթի տարրերով հարստացրել են հենց Ադրբեջանի մշակույթը»։

Մակունցն ընդգծեց, որ Շուշիի նկատմամբ սերը պետք է համախմբող դեր ունենա, և դեօկուպացիայի հարցը պետք է մեզ համար կարևոր գերխնդիր լինի։