Մարտական ոչ-ոքի
Տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 19-րդ տուրի հանդիպումները: Կենտրոնական խաղում միմյանց հետ հանդիպեցին մրցաշարի առաջատար «Բանանցը» եւ նրան հետապնդող «Փյունիկը»:
Առաջին խաղակեսից հետո փյունիկցիները չնայած առջեւում էին 2:0 հաշվով, սակայն այդպես էլ չկարողացան պահպանել առավելությունը եւ ի վերջո գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2: Այդպիսով, 19-րդ տուրից հետո էլ երկու թիմերի միջեւ պահպանվեց 5 միավորի տարբերությունը:
Խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին «Բանանցի» գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկին ասաց, որ հանդիպումը, անշուշտ, այս մրցաշրջանի ամենադիտարժան խաղն էր: «Այսօր բավական գեղեցիկ գոլեր խփվեցին, երկու թիմերն էլ ցույց տվեցին որակյալ ֆուտբոլ: Հանդիպումը լարվածության մեջ պահեց մինչեւ վերջին րոպեն: Այնպիսի խաղ էր ընթանում, որ կարող էինք եւ հաղթել, եւ ... պարտվել: Կարեւորն այն է, որ մեր երկրպագուները մեծ հաճույք ստացան խաղից եւ բարձր տրամադրությամբ հեռացան մարզադաշտից»:
«Խաղից առաջ մենք կադրային խնդիրներ ունեցանք, քանի որ նախօրեին մարզման ժամանակ վնասվածք ստացավ մեր հարձակվող Գեւորգ Ղազարյանը, իսկ Մալաքյանը դեղին քարտերի պատճառով որակազրկված էր, - մամուլի ասուլիսին ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, - Մենք լավ անցկացրինք առաջին խաղակեսը, սակայն երկրորդում թիմը մի տեսակ «կանգնեց»: Ես չգիտեմ, թե ինչն էր դրա պատճառը: Ավաղ, պահեստայինների մեջ չկային այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք կարող էին թարմություն մտցնել խաղի մեջ: Այդ իսկ պատճառով ընդամենը երկու փոխարինում կատարեցինք»:
Տուրի մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.
«Իմպուլս» - «Շիրակ»` 2;2, «Միկա» - «Գանձասար»` 1:0, «Ուլիս» - «Կիլիկիա»` 0:0: