Խաղը կվարի սկանդալային մրցավար
Եվրոպայի ֆուտբոլի 2010 թ սուպերգավաթի հանդիպումը կվարի շվեյցարացի մրցավար Մասիմո Բուզական: Վերջինս այս տարի ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությունում անբավարար գնահատական էր ստացել ՀԱՀ - Ուրուգվայ հանդիպման սպասարկման համար, որից հետո ՖԻՖԱ-ն նրան այլեւս խաղ չէր վստահել:
Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի գլխավոր մարզիչ, բրազիլացի Կառլոս Ալբերտո Պարեյրան այդ հանդիպումից հետո հայտարարել էր, որ իր կարիերայում դեռ չէր հանդիպել նման ցածր մակարդակի մրցավարի: Սակայն Բուզական Եվրոպայի ամենափորձառու մրցավարներից մեկն է համարվում: Նա սպասարկել է եվրոգավաթների 86 խաղ, այդ թվում 2007 թ ՈՒԵՖԱ-ի գավաթի եւ 2009 թ չեմպիոնների լիգայի եզրափակիչները:
2010 թ Եվրոպայի սուպերգավաթը կվիճարկեն այս տարվա չեմպիոնների լիգայի հաղթող Իտալիայի «Ինտերը» եւ Եվրոպայի լիգայի հաղթող Իսպանիայի «Ատլետիկոն»: Խաղը տեղի կունենա այսօր, Մոնակոյում, եւ կսկսի Երեւանի ժամանակով 23:45-ին:
Հավելենք, որ եւ «Ինտերը», եւ «Ատլետիկոն» առաջին անգամ են պայքարելու այդ պատվավոր մրցանակի համար, իսկ եթե առաջնորդվենք ակումբների պատկանելիությամբ, ապա իտալական թիմերը Եվրոպայի սուպերգավաթին տիրել են 9, իսկ իսպանականները` 7 անգամ:
Բուքմեյքերներն այսօրվա խաղում նախապատվությունը տալիս են «Ինտերին», որի հաղթանակը գնահատվում է 1,85 գործակից, «Ատլետիկոյի» 4,60-ի դիմաց: Դրանք առավել հավանական են համարում 2:0 հաշիվը, ինքնին, իտալական թիմի օգտին: