Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ Մարզեր

Առաջին հարվածի իրավունքը տրվեց Սերգեյ Բոնդարենկոյին և Խորեն Հովհաննիսյանին

Վեդիում մեկնարկեց Ապրիլյան պատերազմի  հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ՝ Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանին նվիրված Ֆուտբոլի ավանդական հուշամրցաշարը: Այն կանցկացվի  5 փուլով․ կամփոփվի Անդրանիկի ծննդյան օրը՝ մայիսի 1-ին:

Հուշամրցաշարը հանրապետական է, սակայն  այս տարի, պայմանավորված երկրում տիրող կորոնավիրուսային իրավիճակով, անցկացվում է մարզային թիմերի մասնակցությամբ: Բացառություն է կազմում երևանյան ակումբը, որտեղ նախկինում հանդես է եկել Անդրանիկը:

Հուշամրցաշարի մեկնարկը տրվեց Վեդու քաղաքի Մշակույթի տան հարակից տարածքում գտնվող Արցախյան հերոսների հիշատակի հուշակոթողից:

Այնուհետև քայլեթը ուղղվեց դեպի Վեդու ֆուտբոլի դաշտ, որտեղ տեղի ունեցավ բացման արարողությունը:

Ներկա էին Արարատի մարզպետ Ռ. Թևանյանը, Վեդու համայնքապետ Վ.Բարսեղյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը,  Արարատ 73-ի լեգենդ Սերգեյ Բոնդարենկոն և 20-րդ դարի հայ լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:

Բացման խոսքով հանդես եկավ Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանը, ով իր խոսքում ընդգծեց, որ այս մրցաշարը միտված է հայրենասիրություն քարոզելու և այն ունի դաստիարակչական բնույթ հետագա սերունդների համար:

ՀՖԿՍՊԻ ռեկտոր  Դավիթ Խիթարյանը նշեց, որ Անդրանիկը եղել է իրենց ուսանողը, սակայն չհասցրեց դառնալ ինստիտիուտի շրջանավարտ՝ իր կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը:

 Այնուհետև ինստիտուտի գիտական խորհրդի կողմից հանձնվեցին ոսկե մեդալներ Սերգեյ Բոնդարենկոյին և Խորեն Հովհաննիսյանին:

Սերգեյ Բոնդարենկոն իր շնորհակալական խոսքում ընդգծեց, որ ինքը ուրախ է ներկա գտնվել նման միջոցառման և նշեց, որ այս ֆուտբոլիստները ապագայում կարող են դառնալ իրենց համայնքի, հանրապետության, իսկ հետո աշխարհի չեմպիոններ:

Մրցաշարի առաջին հարվածի իրավունքը տրվեց Սերգեյ Բոնդարենկոյին և Խորեն Հովհաննիսյանին, որից հետո մրցեցին Վեդիի և Սուրենավանի պատանի ֆուտբոլիստները: Խաղն ավարտվեց 5-0 հաշվով, հօգուտ տանտերերի:

Մրցաշարի կազմակերպիչներն են  Վեդու համայնքապետարանը և Մարտին Վարդանյանի անվան Վեդու քաղաքային  մանկապատանեկան մարզադպրոցը:

Հիշեցնենք, որ մրցաշարը Վեդիում ավանդական բնույթ է կրում 2017 թվականի ապրիլից: